Friday, March 25, 2011

Երևանի կենտրոնում տեսադիտական համակարգեր կտեղադրվեն

Երևանի Կենտրոն համայնքի հասարակական վայրերում մինչև այս տարվա առաջին կիսամյակի ավարտը նախատեսվում է տեսադիտական համակարգեր տեղադրել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը։
Սկզբնական շրջանում տեսախցիկները կտեղադրվեն տասը հասարական վայրերում, այդ թվում՝ Ազատության հրապարակում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Հանրապետության հրապարակում, Մատենադարանին հարող տարածքում։
Ըստ Նազարյանի՝ տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի ավելի շուտ բացահայտել կողոպուտի, խուլիգանության, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը։ «Այս տեսախցիկները մեզ շատ են օգնելու։ Նման վայրերում տեղի ունեցող հանցագործությունները ավելի արագ կբացահայտվեն»,– ընդգծեց նա։
Երևանի ոստիկանապետի խոսքով՝ այդ տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի նաև պարզել ոստիկանի և հասարակության փոխհարաբերություններն ու շփումը։ Տեսախցիկներն, ըստ նրա, կզգոնացնեն նաև ոստիկաններին, հնարավորություն կտան հեշտությամբ հարթել վիճահարույց հարցերը։

Ապացույցներ ձեռք բերելն, ըստ Նազարյանի, այսօր այդքան հեշտ հարց չէ։ «Մեր կողմից նկարահանելն ուրիշ է, շուրջօրյա նկարելը՝ ուրիշ»,– նշեց նա։ Դեռևս հայտնի չէ, թե քանի տեսախցիկ կտեղադրվի այդ տարածքներում։ «Ինչքան շատ տեղադրենք, այնքան մեր օգուտն է»,– ասաց նա։
Ներսես Նազարյանը նշեց, որ այսօր Երևանի կենտրոնը պահպանելու համար օգնության են բերվել այլ համայքների ոստիկանները։ Իսկ տեսախցիկների տեղադրումից հետո արդեն ամեն ոստիկան իր տարածքում կծառայի։
Նա նաև վստահեցրեց, որ այդ տեսախցիկների ֆիքսած կադրերը առանց մոտնաժի են օգտագործվելու։ «Չենք մոտնաժի, վստահենք իրար»,- ասաց Նազարյանը։

No comments: