Thursday, March 24, 2011

Վազգեն Կարախանյան. Րաֆֆի Հովհաննիսյանին ուտելիք չեմ ուղարկել, ուղղակի կատակ եմ արել

News.am. 24-3-2011- «Րաֆֆի Հովհաննիսյանին ուտելիք ուղարկած լինելու մասին կատակ եմ արել, չիմացա, որ թերթի լրագրողը կվերցնի ու կգրի ասածս, իրականում ես նրան ուտելիք չեմ ուղարկել»։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ժառանգության» առաջնորդին երեկ, իբրեւ թե, ուտելիք ուղարկած Հանրապետական կուսակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը։
«Ես նրան ուտելիքների կապոց չեմ ուղարկել, նման բան չի եղել։ Ես ուղղակի այդ լրագրողին վերջում ասացի, որ կատակ եմ անում, նա էլ ասաց, որ տպելու է։ Չէի մտածում, որ սա այսպիսի աղմուկ կբարձրացնի»,- ասաց Կարախանյանը։

Հարցին, թե ինչպե՞ս կարող էր Րաֆֆի Հովհաննիսյանը չստացած կապոցն Ազատության հրապարակից հետ ուղարկել, պատգամավորը նշեց. «Եթե նա կապոց չի ստացել, ինչպե՞ս կարող էր հետ վերադարձնել։ Ուղղակի կարող էր քաղաքակիրթ ձեւով ասել, շնորհակալ եմ, բայց հետ տարեք, ես հացադուլի մեջ եմ»։

Ուտելիքի կապոց ուղարկել-չուղարկելու մասին լուրը ճշտելու համար զրուցեցինք նաեւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հետ։ Նա հավաստիացրեց, որ իրենք Կարախանյանից որեւէ կապոց չեն ստացել։

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթի լրագրողի հարցին, թե ինչու չե՞ք այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին, որի մասին հայտարարել էր խորհրդարանական Կոալիցիան, Վազգեն Կարախանյանը պատասխանել է. «Իսկ ինչի՞ց ենթադրեցիք, որ ես պիտի գնամ: Ես, ճիշտն ասած, չեմ գնացել, բայց մթերք-բան եմ ուղարկել, ինքը հրաժարվել ա ընդունելուց»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ է մթերք ուղարկում հացադուլ հայտարարած մարդուն, արդյոք դրանով փորձել է գայթակղե՞լ նրան, հանրապետական պատգամավորը արձագանքել է. «Չէ, իհարկե ոչ: Ես իմ մարդասիրական քայլն եմ կատարել»:

No comments: