Thursday, March 24, 2011

Պետք է աշխատել Ադրբեջանի հետ, այլ ոչ՝ Հայաստանի և Ղարաբաղի. Նալբանդյանի ակնարկը ԵԱՀԿ գործող նախագահին

Tert.am.23-3-2011- Պետք է աշխատել Ադրբեջանի հետ, այլ ոչ թե Հայաստանի և Ղարաբաղի, որոնք դրական են արձագանքել դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու առաջարկին: Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորների և կառավարության անդամների հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ԵԱՀԿ գործող նախագահ Աժուբալիսը միակողմանի դիպուկահարներին դուրս բերելու առաջարկ չարեց Ադրբեջանում։
«Նկատի ունենալով, որ դժվար թե կարելի է ակնկալել Ադրբեջանի կողմից այսպիսի քայլերի նկատմամբ որևէ համարժեք պատասխան դիրքորոշում և նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարվա ընթացքում համառորեն մերժում է միջազգային հանրության կողմից հնչեցվող առաջարկները, ապա առաջին հերթին Աժուբալիսը փորձում է Հայաստանի օգնությամբ ինչ-որ դրական տեղաշարժ անել այս ուղղությամբ»,- ասել է ԱԳ նախարարը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Բաքվին Աժուբալիսը ևս մեկ առաջարկ կանի. նա նման առաջարկ նախկինում էլ է արել։ «Այդպիսի առաջարկներ արել են Բան Կի Մունը, այդպիսի առաջարկներ արել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային հանրության տարբեր ատյաններ են արել այս առաջարկները, բայց Ադրբեջանը մինչ այսօր համառորեն մերժում է այդ առաջարկները: Սա է իրականությունը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

No comments: