Friday, March 25, 2011

Նախագահի անունից Յուրի Վարդանյանը ցանկանում է հանդիպել ինձ. Րաֆֆի Հովհաննիսյան

Tert.am.25-3-2011- «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում իր հացադուլի 10-րդ օրը կրկին մամուլի ասուլիս էր հրավիրել: Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ երեկվա դեպքին, որ Ազատության հրապարակում իրեն էր մոտեցել ու զրուցել մի տղամարդ, որը ներկայացել էր, թե նախագահական նստավայրից է:
«Երեկ վրանը տեղադրելուց հետո ինձ մոտեցավ մի երիտասարդ, ներկայացավ նախագահի նստավայրից և ինձ փոխանցեց, որ նախագահի հանձնարարականով, նախագահի անունից Յուրի Վարդանյանը ցանկանում է հանդիպել ինձ հետ և առանձնազրույց ունենալ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, թե ինքն ասել է, որ իր հացադուլը հրապարակային միջոցառում է, և տեղին չէ առանձնազրույցը: Հովհաննիսյանն ասել է նաև, թե պատրաստ է Յուրի Վարդանյանին «ցանկացած օր, ցանկացած ժամի ընդունել հանրային իր նստարանի վրա»:
«Դրանից հետո այլ նորություն չկա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ազատության հրապարակ մուտք էր գործել արտասահմանյան մակնիշի սև գույնի ավտոմեքենա, որից մի տղամարդ էր դուրս եկել և մոտեցել Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա անունը չհայտնելով՝ ներկայացել էր, թե նախագահականից է։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ անձը Յուրի Վարդանյանի ներկայացուցիչն է: (Յուրի Վարդանյանը 2009թ. ապրիլին նշանակվել է սպորտի հարցերով ՀՀ նախագահի խորհրդական և քաղաքական խնդիրներով չի զբաղվում - Tert.am):

No comments: