Friday, March 25, 2011

Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրվեց

Tert.am.24-3-2011-Ազատության հրապարակում արդեն 9-րդ օրը հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար Ազատության հրապարակում փոքրիկ վրան տեղադրվեց։ Հավաքված բազմությունը «Ժառանգության» պատգամավորների գլխավորությամբ վրանի մոտ ծածանում է եռագույնը՝ երգելով Հայաստանի հիմնը։ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս չի մտել վրանի տակ։ Տարածքում շրջում են ոստիկանները, սակայն նրանք չեն մոտենում վրանին։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ոստիկանների այս պահվածքն անակնկալ չէ, քանի որ այստեղ հավաքված է մեծ բազմություն։ «Այստեղ մեկ խմբի խնդիրը չէ, այլ ողջ հասարակության պահանջն է ներկայացված։ Այդ պահանջը իրացվել է։ Մենք պետք է ավարտին հասցնենք պահանջի կատարումը»,- նշեց Փոստանջյանը։ Միաժամանակ նա չբացառեց, որ ոստիկանների կողմից անակնկալների կարելի է սպասել, քանի որ մեկ անգամ վրանի տեղադումը խոչընդոտելու նախադեպ արդեն գրանցվել է։ «Ոստիկանությունը ղեկավարվում է Բաղրամյան 26-ից։ Թե այս պահին Բաղրամյան 26-ում ինչ տրամադրություններ են, չեմ կարող ասել»,- նշեց Փոստանջյանը։
Օրերս ոստիկանները խոչընդոտել էին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար հովանոցի տեղադրումը՝ կոտրելով այն։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին մի շարք հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կողմից Սերժ Սարգսյանին ողղված հանրային պահանջագիր էր ընդունվել, որով ՀՀ նախագահի առջև պահանջ էր դրվում կատարել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ պետության պարտավորությունը և ապահովել նրա համար վրանի տեղադրումը: Այլ դեպքում պահանջագիրը ստորագրած ՀՀ քսանչորս քաղաքացիներն իրենց էին վերապահելու պետության այդ պարտավորության իրականացումը:

No comments: