Wednesday, March 23, 2011

Թուրքիան երբեք զենք չի ուղղի Լիբիայի ժողովրդի դեմ. Էրդողան

Tert.am. 22-3-2011- Այսօր տեղի է ունեցել Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստը, որի ժամանակ կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշ հայտարարություններ է արել Լիբիայում տիրող իրավիճակի առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է CNNTurk-ը։
Հակառակ այն բանի, որ Թուրքիայի վարչապետը չի հայտարարել Անկարայի՝ Լիբիայի հետ կապված վերջնական դիրքորոշման մասին, Էրդողանն ընդգծել է, որ «Թուրքիան երբեք զենք չի ուղղի Լիբիայի ժողովրդի դեմ»։
«Հնչում են քննադատություններ, թե «Եգիպտոսի իրադարձությունների ժամանակ իր ձայնը բարձրացրած վարչապետն ինչո՞ւ է հիմա լռում»։ Այս ամենն անտեղյակության արդյուքն է։ Մենք լավ գիտենք՝ որտեղ ասել և ինչ ասել։ Դա անում ենք խորհրդակցությունների միջոցով։ Ի վերջո, մենք ոչ թե խանութ ենք աշխատեցնում, այլ Թուրքիան ենք կառավարում»,– ասել է Էրդողանը՝ նշելով, որ Անկարայի՝ Լիբիայի հետ կապված վերջնական դիրքորոշման մասին հայտնի կդառնա ՆԱՏՕ–ի նիստի ժամանակ։

«ՆԱՏՕ–ի նիստի ժամանակ մենք կհայտարարենք մեր դիրքորոշման մասին, որից հետո կիրազեկենք հանրությանը; Արտգործնախարարն էլ թեմայի առնչությամբ հանդիպումներ կունենա ընդդիմության հետ»,– ասել է Էրդողանը։
Նշենք, որ թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպասվում էր, որ այսօր Էրդողանը պետք է հայտարարեր թուրքական կողմի՝ Լիբիայի վերաբերյալ վերջնական որոշումը։

Հիշեցնեք, որ երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ–ի կողմից Լիբիայում իրականացվելիք գործողությանը միանալու համար առաջ էր քաշել 4 նախապայման։

Ելույթ ունենալով Մեքքայի համալսարանում՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել է. «ՆԱՏՕ–ն պետք է մուտք գործի Լիբիա՝ հաստատելու և ամրագրելու համար, որ Լիբիան պատկանում է լիբիացիներին։ Լիբիայի բնական պաշարները և հարստությունները պետք է շարունակեն պատկանել լիբիացիներին։ Գործողությունը չպետք է վերածվի օկուպացիայի։ Լիբիայի ժողովրդին պետք է իր որոշումները ինքնուրույն կայացնելու հնարավորություն ընձեռվի»,– հայտարարել էր Էրդողանը։

No comments: