Thursday, March 24, 2011

ԱՄՆ-Ը ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԻՐԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ

Իսկ Թուրքիան ստիպում է հարկադիր վայրէջք կատարել
«ԱԶԳ», 24-03-2011- Որքան էլ Թուրքիան Իրանի միջուկային ծրագրի հարցում հակադրվի ԱՄՆ-ին եւ ի լուր աշխարհի հայտարարի տարաձայնությունների մասին, այնուամենայնիվ, չի կարողանում անտեսել Վաշինգտոնի պահանջները: Խոսքը տվյալ դեպքում իրանական ավիացիային պատկանող բեռնատար ինքնաթիռների մասին է, որոնք մարտի 15-ին եւ 19-ին թուրքական ռազմական ինքնաթիռների ճնշմամբ հարկադիր վայրէջք են կատարել Դիարբեքիրի օդանավակայանում:
Իրանական ինքնաթիռները Սիրիա էին թռչում: Այս հանգամանքը կասկածանք է առաջացրել Վաշինգտոնում, թե դրանք բեռնված են միջուկային հումքով եւ զենքով, որն էլ ինքնաթիռներին իջեցնելու ՆԱՏՕ-ով միջնորդավորված պահանջ է ներկայացրել Թուրքիային: Այսպիսով, ինքնաթիռները Դիարբեքիրի օդանավակայանում խուզարկվել են:
Նշելով մարտի 22-ի համարում այդ մասին, «Աքշամ» թերթը գրում է, որ իրանական ինքնաթիռների հարկադիր վայրէջքը նոր երեւույթ չէ Թուրքիայում: Այս պրակտիկան կիրառվում է 2010-ի հունիսից, երբ ՄԱԿ-ն ընդունեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների դիմելու որոշումը:
Թեեւ թուրքական թերթը վկայում էր, որ իրանական ինքնաթիռներում միջուկային հումք կամ զենք չի հայտնաբերվել, սակայն Թուրքիայի արտգործնախարարության մարտի 23-ի հայտարարության մեջ ասվում է դրա ճիշտ հակառակը. «Մարտի 19-ի երեկոյան Դիարբեքիրի օդանավակայանում վայրէջք է կատարել Իրանից Սիրիա թռչող ինքնաթիռը: Խուզարկումների հետեւանքով իրանական ինքնաթիռում հայտնաբերվել են ՄԱԿ-ի պատժամիջոցների որոշմամբ արգելված նյութեր, որոնք առգրավվել են, եւ ինքնաթիռն առանց այդ նյութերի վերադարձել է Իրան»:

No comments: