Wednesday, April 6, 2011

«Ավշինը» Կարսի հուշարձանը կսկսի քանդել առաջիկա 15 օրերի ընթացքում

HayNews.am. 6-4-2011- Հայտնի է դարձել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կողմից «այլանդակ» անվանված հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի ապամոնտաժման աշխատանքների մրցույթը շահած ընկերության անունը: Թուրքական էլեկտրոնային Bianet պարբերականի փոխանցմամբ, Կարսի քաղաքապետարանը հսկայական հուշարձանի ապամոնտաժման գործը վստահել է «Ավշին» ընկերությանը, որը շուրջ 175 հազար ամերիկյան դոլարի դիմաց կքանդի «Մարդկության հուշարձանը»:
Ապամոնտաժման աշխատանքները կսկսվեն առաջիկա 15 օրերի ընթացքում: Հուշարձանը մաս-մաս կարվի և բաժանված կտորներն այլ վայր կտեղափոխվեն: Տարածքն ազատելուց հետո այն կհանձնվի պետության վերահսկողությանը:
Հիշեցնենք, որ հունվարին Կարս կատարած այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը կիսակառույց «Մարդկության հուշարձանն» անվանել էր «այլանդակ» և կարգադրել էր ապամոնտաժել այն: Էրդողանի կարգադրությունը կյանքի էր կոչել Կարսի քաղաքային խորհուրդը, որը որոշել էր ապամոնտաժել Կարսի հին հայկական թաղամասում գտնվող հսկայական հուշարձանը, որի կառուցումը սկսվել էր 2006 թվականին, սակայն դադարեցվել քաղաքապետի փոփոխությունից հետո:
Կարսի քաղաքային խորհրդի որոշումից հետո հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի հեղինակ Մեհմեթ Աքսոյը դատարանում բողոքարկել էր այն, սակայն ապարդյուն:

No comments: