Tuesday, April 5, 2011

ՈՎ Է ԴԵՄ ԹՌԻՉՔՆԵՐԻՆ

«Լրագիր» 5-4-2011- Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ կրքերը լրջորեն թեժացել են: Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կլինի առաջին թռիչքի առաջին ուղևորը, Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղմացրեց իր տոնը և հայտարարեց, որ քաղաքացիական օդանավերը Բաքուն չի պատրաստվում խփել: Հայաստանի ԱԳՆ-ն փոխնախարարի մակարդակով հայտարարեց, որ Բաքվում հաղթանակեց տրամաբանությունը:
Սակայն Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից հետո մի փոքրիկ հարց մնաց` իսկ ռազմական ինքնաթիռնե՞րը: Երևի այդ հարցը շատ կարևոր էր նաև ԱՄՆ համար, որովհետև Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից հետո Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հանդես է եկել կոշտ հայտարարությամբ, որ ինքնաթիռները Բաքվից Նախիջևան Հայաստանի օդային տարածքով են թռչում: Փաստորեն, սա ակնարկ էր, որ եթե ինչ որ բան լինի, Հայաստանը կարող է պատասխանել: Դրան հետևեց Ադրբեջանի արձագանքը, որը ԱՊԱ գործակալության անանուն աղբյուրների միջոցով հայտարարել է, որ եթե Հայաստանը թռիչք բացի դեպի Ղարաբաղ և կսպառնա ինքնաթիռներ խփել Նախիջևանի վրա, Թուրքիան կարող է արգելափակել Հայաստանի օդային տարածքը:
Ինչո՞ւ Բրայզային չի բավարարել Բաքվի հայտարարությունը քաղաքացիական ինքնաթիռռների վերաբերյալ: Արդյոք պատրաստվում են Միացյալ Նահանգները կամ այլ պետություններն օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը ռազմական ինքնաթիռների համար:
Փորձագետները նշում են, որ Ղարաբաղի օդանավակայանը, որը հազիվ թե վերակառուցվում և հագեցվում է ղարաբաղյան բյուջեի միջոցներով, կարող է բազա դառնալ այսպես կոչված խաղաղարարների կամ որոշակի ռազմական գործողությունների համար որպես փոխաբեռնման օդանավակայան: Այն պետությունների, օրինակ, Ռուսաստանի, որոնք շահագրգռված են Ղարաբաղ զորքեր մտցնելով, օդանավակայանը և խփված ինքնաթիռը կարող են լավ առիթ դառնալ դեսանտ իջեցնելու համար:
Այն, որ ինքնաթիռը կարող է ղարաբաղյան «Ֆրանց Ֆերդինանդ» դառնալ, վկայում են նաև Ստրատֆոր հայտնի վերլուծական կենտրոնի փորձագետները, որը պրոադրբեջանական կեցվածք է ընդունել: «Եթե Ադրբեջանն իրականացնի սպառնալիքը և խփի ինքնաթիռը, որտեղ կլինի նաև Սարգսյանը, Բաքուն կսպանի պետության ղեկավարի և դրանով ագրեսիայի գործողություն կիրականացնի Հայաստանի դեմ»: Այս մասին գրում է Դմիտրի Աստախովը: Ռուսական Աստախով ազգանունով փորձագետը գրում է, որ դա կներգրավի տարածաշրջանային խաղացողներին, ինչպիսիք են Ռուսաստանը և Թուրքիան, և կգրավի ԱՄՆ ուշադրությունը:
Ըստ նրա, քիչ հավանական է, որ Մոսկվան չիմանար Սարգսյանի հայտարարության մասին ավելի վաղ: Հնարավոր է, որ Ռուսաստանը, որը վերջերս երկարաձգել է Հայաստանում իր բազայի վարձակալության ժամանակը, Երևանին որոշակի տարածություն կտա մանևրելու համար, որպեսզի ճնշում գործադրի Բաքվի վրա: «Թռիչքը ևս մեկ պոտենցիալ ազդանշան է Հայաստանի ու Ադրբեջանի համար վերսկսելու պատերազմական գործողությունները», գրում է Աստախովը:

Ի դեպ, հայկական կողմը թայմ-աութ է վերցրել: Ստեփանակերտի օդանավակայանը մայիսի 9-ին չի բացվի, հայտարարել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի պետ Դմիտրի Ադբաշյանը: «Սարքավորումներով հագեցնելու աշխատանքները վերջնական փուլում են: Առաջին ուղևորներին, հնարավոր է, կսկսենք ընդունել ամռանը, սակայն ոչ մայիսի սկզբին», ասել է նա:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: