Wednesday, April 6, 2011

Իշխանությունը միշտ էլ ձգտել է պառակտում մտցնել ընդդիմության մեջ. Վահագն Խաչատրյան

Tert.am. 6-4-2011- Իշխանությունը միշտ էլ ձգտել է պառակտում մտցնել ընդդիմության մեջ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանի ընդդիմադիր տարբեր հատվածների միջև առկա լարվածության և իշխանության հետ համագործակցելու փոխադարձ մեղադրանքներին:
«2001-ից սկսած, երբ տեսել են, որ ընդդիմությունն ուժեղացել է, անմիջապես անցել են կեղծ ընդդիմությունների ստեղծմանը՝ նպատակ ունենալով թուլացնել ընդդիմադիր դաշտը։ 2008թ. Արթուր Բաղդասարյանը ասածիս լավագույն օրինակն է, երբ նախընտրական պայքար մտավ որպես ընդդիմություն և պայքարն ավարտեց որպես իշխանություն։ Սա իշխանության աշխատելաոճն է։ Մենք՝ ՀԱԿ-ը, հստակ ասել ենք մեր քայլերը, մեր ծրագրերը։ Հիմա այն ուժերը, որոնք մեզ հակառակ են խոսում, պետք է հստակ ձևակերպեն իրենց պահանջները և ծրագրերը»,- ասաց նա:
«Մեր գործողությունները տանում են արտահերթ ընտրությունների, և մենք անում ենք ամեն բան, որ կարողանանք հասնել արտահերթ ընտրությունների»,- նշեց Խաչատրյանը՝ պատասխանելով այն պնդումներին, որ ՀԱԿ-ն արտահերթ ընտրությունների մասին խոսելով՝ գնում է հերթական ընտրությունների։
Խաչատյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված քաղաքական վիճակը ստիպում է, որ իրականացվեն արտահերթ ընտրություններ։ «Հայաստանն այլևս չունի այս վիճակը շարունակելու ռեսուրսներ։ Այսօր իշխանությունները սպասում են հրաշքի, որը կփոխի իրավիճակը, սակայն դա չի լինի, քանի որ այսօր չկան ո՛չ տնտեսական, ո՛չ մարդկային ռեսուրսներ. տնտեսական բոլոր հնարավորությունները սպառել են, իսկ մարդիկ պարզապես թողնում-հեռանում են»,- ասաց նա։

No comments: