Tuesday, April 5, 2011

Հայաստանը չի հրաժարվելու ատոմային էներգետիկայից, անգամ Ճապոնիայի դեպքերից հետո. Նախարար

NEWS.am-ի զրուցակիցն է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

-Պարոն նախարար, Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը օրերս հայտարարեց, թե պետք է հայկական ատոմակայանի փակման գործընթաց սկսել, քանի որ ատոմակայանի անվտանգությունը պատշաճ աստիճանի չէ: Նա նշել էր, որ ճապոնական ատոմակայանի հետ տեղի ունեցած դեպքից հետո միջազգային կառույցները ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ Մեծամորի ատոմակայանը փակելու համար։ Օրերս էլ Վրաստանի նախկին նախագահ Շեվարդնաձեն հայտարարեց, թե վրացական կառավարությունը պետք է դիմի Հայաստանին` երկրորդ էներգաբլոկի անվտանգության ապահովման շուրջ բանակցություններ սկսելու համար: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունները:
-Հայկական ատոմային էներգաբլոկը գտնվում է ՄԱԳԱՏԵ-ի ամենօրյա մոնիտորինգի տակ: Եթե որեւէ խնդիր լինի` անվտանգության հետ կապված, բնականաբար մենք չենք կարող շահագործել էներգաբլոկը: Ինչ վերաբերում է նոր էներգաբլոկի անվտանգության հետ կապված տարբեր երկրների ներկայացուցիչների մտահոգություններին, ապա մենք բազմիցս հայտարարել ենք, որ օգտագործելու ենք լավագույն տեխնոլոգիաները: Այսինքն, առաջին հերթին անվտանգության հետ կապված տեխնոլոգիաները: Ինչ վերաբերում է ատոմային էներգետիկայից հրաժարվելու հետ կապված որոշ երկրների առաջարկներին ու խորհուրդներին, ապա չեմ կարծում, որ անգամ ճապոնիայի դեպքերը կբերեն դրան: Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգետիկայից: Պետք է մի բան հաշվի առնել` ճապոնական «Ֆուկուսիամայում» առաջացած խնդիրները ոչ թե երկրաշարժի հետեւանք էին, այլ ցունամիի: Եւ բացի այդ` մեր ատոմակայանն արդեն մի անգամ փորձության ենթարկվել է 1988-ի երկրաշարժի ժամանակ եւ շատ լավ է արձագանքել այդ փորձությանը: Եւ երրորդը` Թուրքիան այսօր նույնպես մտադիր է մի քանի էներգաբլոկներ կառուցել, եւ այն տեխնոլոգիաները, որոնք ռուսական կողմն առաջարկել էր Թուրքիային, դրանք նույն հայկական սխեմային համապատասխանող տեխնոլոգիաներ են: Այդ դեպքում Թուրքիան ինչո՞ւ է ցանկանում նման սխեմայով ատմակայան կառուցել:

-Պարոն նախարար, նոր էներգաբլոկի կառուցման անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները ո՞ր կազմակերպությունն է հոգալու: Կառուցո՞ղ կազմակերպությունը, թե՞այլ կողմ:
-Նախ պետք է լինի համապատասխան նախագիծը, այն պետք է քննարկվի կառավարությունում, որը պետք է դրան հավանություն տա՝ ներգրավվելով էքսպերտային տարբեր աշխատանքային խմբերի: Երբ մենք հավանություն տանք այդ նախագծին, դրանից հետո կընտրվի այն կազմակերպությունը, որը էներգաբլոկի անվտանգության հետ կապված խնդիրները կլուծի:

-Արդեն իսկ հայտեր ներկայացվե՞լ են:
-Ապրիլի 27-28-ին միջազգային մեծ կոնֆերանս ենք հրավիրել Հայաստանում, որին մասնակցելու համար կհրավիրենք եւ սարքավորումներ արտադրող ընկերություններին, եւ պոտենցիալ ներդրողներին եւ կուսումնասիրենք ներկայացված առաջարկները:

-Պարոն Մովսիսյան, «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո ողջ աշխարհում անհանգստություն տարածվեց, որ հնարավոր է ատոմակայանից հոսող ռադիակտիվ յոդը եւ այլ արտանետումներ, պատուհասեն ողջ մարդկությանը: Որքանո՞վ է Հայաստանն ապահովագրված ռադիացիոն պատուհասից:
-«Ֆուկուսիմայից» արտահոսող ռադիոկտիվ նյութերը, այն քանակով, ինչքանով որ ներկայացվում է, չեմ կարծում, որ վտանգ ներկայացնեն Հայաստանի համար: Իհարկե, պետք է սպասել դեպքերի զարգացմանը, իմանալու համար, թե մինչեւ ի՞նչ քանակի են հասնում արտանետումները: Բայց ինչպես ճապոնական կառավարությունն է հայտնում, պրոցեսն արդեն կառավարելի է դարձել եւ նոր պրոբլեմներ չեն սպասվում:

-Պարոն նախարար, կցանկանայի խոսեինք նաեւ Իրան կատարած Ձեր վերջին այցի մասին: Ի՞նչ էներգետիկ ծրագրեր եք քննարկել հարեւան երկրի կառավարության հետ:
-Քննարկել ենք այն բոլոր ծրագրերը, որոնք այսօր սեղանի վրա են եւ աշխատում ենք դրանց վրա: Գիտեք, որ Իրանում նոր տարին է մեկնարկում եւ քննարկել ենք, թե նոր տարվա կտրվածքով երկու երկրներն ի՞նչ հերթականությամբ եւ սկզբունքով պետք է առաջ տանեն աշխատանքները:

-Իսկ նոր ծրագրեր քննարկե՞լ եք:
-Ոչ, չենք քննարկել: Ընդամենը հերթականության կարգով քննարկել ենք եղած ծրագրերը:
Զրուցեց՝ Հեղինե Մանուկյանը

No comments: