Saturday, April 16, 2011

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Ապրիլի 17-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին տոնախմբում է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորական ուղերձ է հղել մանուկներին, որում մասնավորապես ասվում է.
Մեր սիրելի զավակներ,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ Մանուկների օրհնության օրվա առիթով, որն առավել պայծառանում է Ծաղկազարդի տոնի հոգեզվարթ խորհրդով£
Ձեզ պես մանուկներ Երուսաղեմում ընդառաջ ելան, ողջունեցին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին և ընդունեցին Նրա օրհնությունը: Այսօր դուք ևս, ձեր ծնողների ուղեկցությամբ ուռենու ճյուղեր առած, ուրախ հոգով գնում եք եկեղեցիներ` ստանալու մեր Տիրոջ օրհնությունը£ Փրկիչի օրհնությունը ձեզ վրա է սիրելիներ ամուր պահեք սերը մեր Սուրբ Եկեղեցու և Հայրենիքի հանդեպ և ապրեք` հավատալով ու վստահելով Աստծուն, հավատարիմ մնալով Նրա պատվիրաններին:
Մանուկների օրհնությունն իր խորհրդով պիտի զորացնի նաև ձեր ծնողաց սրտերում սիրո, զոհողության ու անձնվիրումի ոգին: Այն պիտի առիթ դառնա վերստին արժևորելու և գնահատելու հայրենի ավանդների ու քրիստոնեական արժեքների վրա խարսխված կրթությունն ու դաստիարակությունը, որոնք երաշխիքներն են մեր Հայրենիքի ու ժողովրդի վաղվա լուսավոր և պայծառ կյանքի:
Սիրելի զավակներ Մեր, աղոթքով առ Բարին Աստված մաղթում ենք ձեզ երկնառաք պարգևներով լեցուն, ուրախ ու անվրդով մանկություն: Թող մեր Տեր Հիսուս Քրիստոս պահի ու պահպանի ձեզ և ձեր ծնողներին Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո այսօր և միշտ: Ամեն՚:

No comments: