Saturday, April 30, 2011

ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՏԿԱՊԵՍ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

«Ազգ», 30/04/2011: Կրոնական ազատությունների ԱՄՆ-ի հանձնաժողովը ներկայացրել է տարեկան զեկույց, որտեղ ընդգրկված են այն երկրները, որոնք հատուկ մտահոգություն են առաջացնում եւ անհանդուրժողականություն են ցուցաբերում ազգային փոքրամասնությունների կրոնական պատկանելությանը:
Զեկույցում ընդգրկված է 14 պետություն. ցանկը գլխավորում է Եգիպտոսը, որտեղ ղպտի քրիստոնյաների եւ կրոնական այլ փոքրամասնությունների դեմ գործադրվող բռնությունների դեպքերն աճել են` հիմնականում նախկին կառավարության եւ ներկա իշխանությունների թողտվության պատճառով: Ցանկում ընդգրկված են նաեւ Իրաքը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Բիրման, Չինաստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը եւ այլ երկրներ:
Հանձնաժողովը դիմել է ԱՄՆ-ի արտգործնախարարությանը` ցանկում ընդգրկված 14 պետությունները ճանաչել որպես «հատուկ մտահոգություն առաջացնող երկրներ»: Սա հետագայում կարող է հիմք դառնալ պետությունների դեմ պատժամիջոցների կիրառման համար:
Աշխարհում կրոնական ազատությունների ԱՄՆ-ի հանձնաժողովն իր զեկույցում «հատուկ ուշադրություն պահանջող երկրների» ցանկում ընդգրկել է Ռուսաստանը եւ Թուրքիան:
Զեկույցում լայն անդրադարձ կա Հայ առաքելական եկեղեցու խնդրին եւ հայ քրիստոնյաների դեմ իրականացվող բազմաթիվ բռնությունների եւ իրավունքների սահմանափակման դեպքերին:
Համաձայն զեկույցի` Թուրքիան, «աշխարհիկ պետականությունը պահպանելու նպատակով» վերահսկում է կրոնն ու սահմանափակումներ մտցնում բոլոր կրոնական կազմակերպությունների, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: «Այս երկրի օրենքները կրոնական փոքրամասնություններին թույլ չեն տալիս որպես իրավաբանական անձ գրանցվել` որպես այդպիսին հանդես գալու համար, իսկ Թուրքիայում հայոց պատրիարքը զրկված է իրավաբանական անձի անունից հանդես գալու հնարավորությունից»:
Թուրքիայում տարբեր պատրվակներով բռնագրավվել է կրոնական փոքրամասնություններին` հայերին, հույներին, հրեաներին եւ կաթոլիկներին պատկանող գույքը` թույլ չտալով պատշաճ վիճակում պահպանել իրենց կրոնական շինությունները: «Թուրքիայում Հայ առաքելական եկեղեցին, որպես կրոնական փոքրամասնություն ներկայացնող ամենամեծ կազմակերպություն, չունի իր հոգեւոր վարժարանը: Իսկ Հայ առաքելական եկեղեցու պատրիարքի կողմից Թուրքիայի պետական համալսարաններից մեկում աստվածաբանության ֆակուլտետ հիմնելու դիմումը դեռեւս դրական պատասխան չի ստացել»:
Զեկույցում ասված է, որ Թուրքիայում տարածված է եւ ահռելի չափերի է հասնում կրոնական ատելությունը: «Դրա դրսեւորումներից են Թուրքիայում Հայ առաքելական եկեղեցու պատրիարքին էլեկտրոնային փոստով օրական 300 սպառնալիք ուղարկելն ու քրիստոնյա հոգեւորականների եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա կատարված հարձակումները»:
Զեկույցն անդրադառնում է նաեւ Իրանում հետզհետե թափ առնող, նույնիսկ ճանաչված կրոնական փոքրամասնությունների, այդ թվում նաեւ հայերի նկատմամբ անհանդուրժողականությանը:
Անդրադառնալով Իրաքում կրոնական փոքրամասնությունների խնդրին` մասնագետները նշում են, որ նրանք հիմնականում կենտրոնացած են Նինվե նահանգում: Այստեղ քրդական եւ արաբական քաղաքական կուսակցությունների միջեւ չեն դադարում վեճերը վերահսկողություն հաստատելու շուրջը:
«Դրանց զոհ են դառնում քրիստոնեական փոքրամասնության, մասնավորապես` Հայ առաքելական եկեղեցու, ինչպես եւ կաթոլիկ հայերը, որոնց թիվն Իրաքում հետզհետե նվազում է բռնությունների պատճառով»:
Թուրքմենստանում էլ առկա կրոնական փոքրամասնություններին թույլ չեն տալիս պաշտոնապես գրանցվել, ինչի պատճառով նրանք զրկված են պաշտամունքի եւ ծիսակատարություններ կատարելու իրավունքից: Բացի դրանից, երկրի իշխանություններն աշխատում են մուտքի արտոնագրեր չտրամադրել կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչի պատճառով այս երկիր Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ վերջին անգամ այցելել է 1999թ.:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: