Monday, April 4, 2011

ՄԻ ԷՋ ՀՆԴԿԱՀԱՅ ՆՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայ ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքում կարևոր դեր է վերապահվել Մայր Աթոռի նվիրակներին: Այս հանգամանքն իր հերթին պայմանավորված էր Սուրբ Էջմիածնի` համայն հայության կյանքում ունեցած բացառիկ ազգապահպան դերով` որպես խորհրդանիշը հայ ժողովրդի ազգային հոգևոր միասնության: Հոգևոր այդ միասնությունն արտահայտվել է Սուրբ Էջմիածնից աշխարհասփյուռ հայությանը յոթ տարին մեկ առաքվող Սրբալույս Մյուռոնով, որը, որպես դրոշմի խորհրդի կատարման կնիք, միաժամանակ ընկալվել է որպես հայության ազգային դրոշմ ու կնիք: Սրբալույս Մյուռոնով կնքված ամեն մի հայ անտեսանելի մի ճառագայթով կապվել է Սուրբ Էջմիածնին ու Հայոց աշխարհին: Ինչպես գրում է մեր եկեղեցու ամենապայծառ դեմքերից Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը. «Մյուռոնն է հանդիսանում ամենասերտ և ամենից ամուր հոգևոր զոդը ի սփյուռս աշխարհի տարածված բոլոր հայերի համար: Սրբալույս Մյուռոն, որ աստվածային զորությամբ մաքրում է մեր մեղսամած մարմինները և ճանապարհ բանում մեր հոգու առաջ դեպ երկնային լուսո հավիտենական կայանները»:1
Սուրբ Էջմիածնի` որպես Հայոց աշխարհի նվիրական սրբությունների հավաքական խորհրդանիշը լինելու և այնտեղից բաշխվող Մյուռոնի մասին 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է. «Հայոց աշխարհում են իրենց հայրերի ու նախնիների գերեզմանատները, վանքերն ու ուխտատեղիները, որտեղ սրբերի դամբարաններն են ու մանավանդ մեծահանդես Աթոռը` Սուրբ Էջմիածինը, ուր գտնվում է Գրիգոր Լուսավորչի Աջը, որով օրհնվում է Սուրբ Մյուռոնը, որտեղից (Էջմիածնի մեռոնը) գնալով սփռվում է ամբողջ աշխարհում ապրող հայերի մեջ, որտեղ էլ լինեն: Այս պատճառով հայոց ողջ ազգը հնազանդվում է Էջմիածնի Սուրբ Աթոռին և նրա կաթողիկոսին, որ նստում է այնտեղ»:2
Յոթ տարին մեկ օրհնվող Մյուռոնը Սուրբ Էջմիածնից Հայոց եկեղեցու տարբեր թեմեր, այդ թվում ամենահեռավոր, տանում էին Մայր Աթոռի նվիրակները: Սրբալույս Մյուռոնը տանող հոգևորականները այսպես են անվանվել, քանի որ նրանք, գնալով Սուրբ Էջմիածնից, գաղթաշխարհի հայությանը պատմում էին Հայոց աշխարհի նվիրական սրբությունների մասին և բաշխում նվիրական նվերը` Սուրբ Մյուռոնը, և ապա իրենց գնացած թեմերից հավաքում Սուրբ Էջմիածնին տալիք կամավոր տուրքը` հոգևոր նվերը: Այսպիսով` նվիրակներն իրականացնում էին թե՛ նվիրաբաշխությունը և թե՛ նվիրաստացումը:
18-րդ դարում գրված «Յաղագս նուիրակաց Սրբոյ Կաթողիկէ Էջմիածնի»3 (Կաթողիկե Սուրբ Էջմիածնի նվիրակների մասին) հրահանգում 12 կետով սահմանված են նվիրակների իրավասությունները և պարտականությունները: Այս հրահանգի երրորդ կետում ասվում է. «Նվիրակի պաշտոնն է պատմել ողջությունից և շինությունից լույսի մոր` Սուրբ Էջմիածնի Կաթողիկեի մասին բոլոր նրանց, ովքեր հարցնում են նրա վիճակից, մղված ծնողի հանդեպ սիրուց, և բաշխել Սրբալույս Մյուռոնը, որն է ամենամաքուր կաթը իրենց երկնավոր անախտ ծնողության, մայրական պարգևը իր զավակներին»:
Հաջորդ կետով արդեն ասվում է, որ նվիրակները նախ շնորհակալությամբ պետք է ընդունեն այն «նվերներն ու ընծաները, որոնք իրենց որդիական սիրո ջերմեռանդությամբ` հանուն իրենց լուսածին ծնող Սուրբ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի» նվիրում են «Սուրբ Կաթողիկե Էջմիածնի հարազատները` ծնողասեր և աստվածասեր մեր հայոց ազգը»:
Հայ գաղթավայրերը որքան հեռու էին Մայր երկրից, այնքան ավելի քիչ էր հաղորդակցությունը հայրենիքի հետ, և յոթ տարին մեկ եկող նվիրակներն իրենց բերած հայրապետական կոնդակներով ու Սրբալույս Մյուռոնով Մայր երկրի նվիրական շունչն էին բերում` պատմելով Հայոց աշխարհից ու հոգևոր մխիթարություն պարգևում նրա տարագիր զավակներին:
Նման հեռավոր գաղթավայրերից էր և հնդկահայ գաղութը, ուր նվիրակները հասնում էին անասելի մեծ դժվարություններով` հիմնականում ծովային ճանապարհով դուրս գալով Բասրայից (Իրաք) և տեղ հասնում Հնդկական օվկիանոսը կտրել անցնելով:
Այս ճանապարհին նրանք բնականաբար ենթարկվում էին ծովային տարերքի ալեբախումներին և ծովահենների հարձակումներին, սակայն չերկնչելով առաջ էին գնում` Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու Սրբալույս Մյուռոնը ժամ առաջ հասցնելու հեռավոր հնդկահայությանը:
Մայր Աթոռի նվիրակներից նման դժվարին ճանապարհ է անցել Հովհաննես եպիսկոպոս Պոնտացին:
Նվիրակական ընդունված երթուղով նա Հնդկաստան է ուղևորվում Բասրայից, որտեղ նա և իր ուղեկիցները նավ են նստում 1762 թվականի հունվարի 20-ին: Քառասուն օր նավով գնալուց հետո հասնում են Հնդկաստանի Բանդահար Սուրաթ նավահանգստային քաղաքը: Այնտեղի հայ համայնքում ավարտելով նվիրակության գործը` ապրիլին նավով ճանապարհվում են Կալկաթա: Ծովային այս ճանապարհորդությունը տևում է մոտ վաթսուն օր, և երբ նավը մոտենում է Կալկաթային, և ցամաքն արդեն երևում է, Հովհաննես եպիսկոպոս Պոնտացու բնորոշմամբ, երբ նավը «ցամաքից այնչափ էր հեռու, որքան տարածությունը, որ կա Երևանից Սուրբ Էջմիածնի միջև, ուժեղ փոթորիկ է բարձրանում»: Հատկանշական է, որ հայրենիքից եկող հոգևորականի համար չափման միավոր է դառնում հայության հոգևոր կենտրոնից մինչև քաղաքական կենտրոնն ընկած տարածությունը` որպես յուրօրինակ հայկական չափ:
Ալեկոծվող ծովում նավն սկսում է տարուբերվել, տաշեղի նման այս ու այն կողմ շպրտվել: Խորտակվող նավից ուղևորները փորձում են փրկվել` փոքրիկ նավակներ նստելով և կամ նավագերաններին փաթաթվելով, որ օվկիանոսի ալիքները դրանք ափ նետեն, և իրենք այդպես փրկվեն:
Հովհաննես եպիսկոպոսը սակայն մի քանի օր մնում է խորտակվող նավում, որն այնուհետև մասերի է բաժանվում, և ինքն ու իր ուղեկիցները, որպես նավ ծառայող մի տախտակի կառչած, ափ են հասնում և հրաշքով փրկվում: Ափին երեսն ի վայր ընկած աղոթում և փառք են տալիս Աստծուն, որ փրկվել են:
Նավաբեկության ժամանակ ծովն են ընկնում նվիրակի սնդուկը, եպիսկոպոսական հանդերձները, հայրապետական կոնդակը և մի քանի գրքեր:
Նվիրակը շատ է մորմոքում այս կորստյան համար, սակայն զարմանահրաշ ձևով Սուրբ Մյուռոնի ամանը փոթորկալից ալիքները ափ են նետում անխաթար կերպով, և նվիրակն այն գտնում է, որ երկրորդ մեծ ուրախությունն է դառնում նրա համար իր փրկվելուց հետո: Ինչպես ինքն է նկարագրում Սուրբ Մյուռոնի հրաշալի կերպով այսպես գտնվելը. «Բայց մինչև ազատվեցինք ծովից Վարդավառի պահքից երկու օր անց, երեքշաբթի օրն առավոտյան ժամին` արեգակի ծագելիս, մինչև գնում էինք ծովի եզրով (ափով), այնժամ Աստծո անճառահրաշ սքանչելիքով հանկարծակի գտանք Սրբալույս Մյուռոնը ամբողջ և անարատ` իր ամանով և ժապավենով կապած ու զմուռսով կնքված:
Ինչպես որ էր սկզբնապես, մինչև փոթորիկը, նույն ձևով անաղարտ գտանք, և այդ ժամի մեր ցնծությունը չեմ կարող գրով պատմել: Արդ, այդ նույն սնդուկում բազում գրքեր կային, չհաշված զգեստներն ու մնացյալ ամեն ինչը, սակայն դրանցից ոչ մեկը ափ դուրս չեկավ և չգտնվեց: Միայն Սրբալույս Մյուռոնը գտանք» և առնելով այն մեծ ցնծությամբ և ուրախությամբ գնում են:4
Փոթորիկը նրանց հեռացրել էր Կալկաթայի ափերից և հանել ամայի մի ծովեզերք, որի երկայնքով նրանք բազմաթիվ օրեր են գնում մարդկանց և կամ մի բնակավայրի հանդիպելու համար: Այս ճանապարհին ևս նրանք բազում փորձությունների են ենթարկվում: Մի գիշեր մոտակա անտառից մի առյուծ է ելնում և հոշոտում նավաբեկյալներից մի քանիսին: Մյուսները հրաշքով են փրկվում, որից հետո գիշերները ստիպված ելնում են ծառերի վրա, որ գիշատիչների հարձակմանը չենթարկվեն:
Օրեր շարունակ այսպես տարբեր վտանգների ենթարկվելով և կիսաքաղց ընթանալով` հանդիպում են այդ կողմերով անցնող բրիտանական մի զորաջոկատի և փրկվում:
Իր կրած վտանգների մասին Մայր Աթոռի նվիրակ Հովհաննես եպիսկոպոս Պոնտացին գրում է 1763 թվականի հունվարի 15-ին Բենգալիայի Սայդաբադ քաղաքից: Հակոբ Ե Շամախեցուն ուղղված նկարագրական այս նամակի վերջում նա ասում է, որ իր կրած տանջանքները և փորձությունները համառոտ է ներկայացնում, որ Վեհափառ Հայրապետը չձանձրանա դրանց երկայն թվարկումից:
Նամակի վերջում ասվում է, որ այն գրում է Սուրբ Սարգսի պահքի չորեքշաբթիին` իրեն անվանելով Սուրբ Էջմիածնի անարժան նվիրակ և Վեհափառ Հայրապետի անպիտան ծառա:
Ահա այսպես մեծ դժվարություններ հաղթահարելով էին Սուրբ Էջմիածնի նվիրակները տարագիր հայությանը հասցնում Մայր Աթոռի օրհնությունը և Սուրբ Մյուռոնը` դառնալով կապող կենդանի մի օղակ Մայր Աթոռի և գաղթօջախի հայության միջև:
1. Կարապետ եպս. Տեր-Մկրտչյան, Ս. Մյուռոնի օրհնությունը, Ս. Էջմիածին, 1912, էջ 5:
2. Առաքել Դավրիժեցի, գլ. ԺԷ Պատմություն, աշխտ. Գ. Առաքելյանի, Երևան, էջ 161:
3. Դիվան Հայոց Պատմութեան, Գիրք Գ, Թիֆլիս, 1894, էջ 808-824:
4. «Հնդկաստանի նուիրակի մը արկածները», «Ծաղիկ», Կ. Պոլիս, 1904, հ.5:
Հայր Խորեն Հովհաննիսյան
Հնդկահայոց հոգևոր հովիվ
Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ

No comments: