Wednesday, April 6, 2011

Սերիալներն այն զիբիլն են, որի մասին ես չեմ կարող խոսել. Կինոռեժիսորը հեռուստատեսություններին մեղադրում է ցածրորակ պահանջարկ ձևավ

Tert.am. 6-4-2011- Երբ հեռուսաընկերության տնօրենները պնդում են, թե իրենց առաջարկը համապատասխան է պահանջարկին, նրանք այդ պահանջարկի մակարդակին են համապատասխանեցնում բոլոր նրանց, ովքեր ուզում են նայել հեռուստացույց: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը։ «Երբ այդ պահանջարկը սպառվում է, ուրեմն սպառողն էլ համապատասխանում է այդ մակարդակին։ Մեդիայի գլխին նստածները կարծում են, որ սեփական ժողովուրդն անկիրթ, բռի, անխելք զանգված է»,- նշեց նա։
Հայկական արտադրության սերիալներին վերաբերող հարցին կինոռեժիսորը պատասխանեց. «Այս աստիճան հիմարության մասին անհնար է խոսել: Սերիալներն այն զիբիլն են, որի մասին ես չեմ կարող խոսել։ Այս աստիճան հիմարության մասին միայն հիմարը կարող է լուրջ խոսել»։ Բաղդասարյանը, այնուամենայնիվ, կատարեց հայկական սերիալների իր դասակարգումը՝ վատ, շատ վատ և այլանդակ։ Սերիալներում ներկայացվող կերպարները կինոռեժիսորը համարեց իրականությունից հեռու, անիմաստ և անառողջ։
Հատկապես բանակի և ոստիկանության մասին նկարահանվող սերիալներում, ըստ նրա, ոչ մի իրական կերպար և ոչ մի իրական խնդիր չկա։ «Եթե արվեստագետը զբաղված է ճշմարտության քողարկմամբ, ինքը մարմնավաճառ է»,- ասաց նա՝ շեշտելով, որ թե´ բանակի, թե´ ոստիկանության մասին ցուցադրվող սերիալները՝ հեռու իրականությունից, իդեալականացված, գուցե և լուծում են այն խնդիրը, որ իրենց առաջ դրել են՝ հասարակության աչքում այդ ուժային կառույցների հեղինակության բարձրացման հարցը, բայց հիմնովին փակում են մի շատ ավելի կարևոր հարց՝ այս ոլորտների իրական հարցերի՝ ներքին խնդիրների լուծումը։ «Սա նման է սիֆիլիսով հիվանդի վերքերը քսուկներով ծածկելուն. արտաքուստ գուցեև ոչինչ չի երևում, բայց փակ վերքն ավելի արագ է նեխում»,- նշեց նա։
Հայկական կինոյի հիմնական խնդիրը կինոռեժիսորը համարում է սերնդափոխությունը։ «Ես մոտ քառասուն տարեկան էի, բայց դեռ համարվում էի երիտասարդ, որովհետև ինձնից փոքր չկար։ Դա ազգային հատկություն է. մենք շատ դժվար ենք տանում մեր կողքինի հաջողությունը»,- նշեց Բաղդասարյանը՝ հորդորելով չխուսափել այս խնդրի մասին խոսելուց, որովհետև, ըստ նրա, միայն այդպես կարելի է հասնել լուծումների։
«Եթե սայթաքես-ընկնես, վրայովդ ամբոխ է անցնելու, քեզնից մոլեկուլ էլ չի մնալու։ Դա մեզ մոտ բոլոր ոլորտներում է։ Իսկ մի ազգ, որ իր հետևից չի բերում, չի թողնում նոր սերունդ, աճ չի ունենա։ Բոլոր ոլորտներում մենք արմատախիլ ենք անում հեռանկարային, լուրջ, խելոք մարդկանց, թողնում մի-երկու այլանդակների, ու երբ ժամանակն է հասնում դրանց միջև ընտրություն կատարելու, ընտրությունը լինում է մի քանի վատերի միջև»,- ասաց նա։

Սակայն, ըստ Էդգար Բաղդասարյանի, խնդիրն իր անսպասելի զարգացումն է ստանում տեխնոլոգիական դարաշրջանում: «Այսօր կարող եք վերցնել կամերա, լավ, ասելիքով, ճիշտ կինո նկարել և ձեզ կտանեն Կաննի փառատոն։ Դեպքեր եղել են»,- ասաց նա։

No comments: