Saturday, April 16, 2011

Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման մի քանի պատճառ կա. փորձագետ

Tert.am. 15-4-2011- Թուրք-ադրբեջանական օղակը թաղում է Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը։
Այն, որ Հայաստանի համար իրեն եղբայրական պետություն հռչակած Վրաստանը պաշտոնապես չի ընդունում Ցեղասպանության փաստը, Վահե Սարգսյանի խոսքով, ունի մի քանի պատճառներ։ Առաջինը, ըստ նրա, Թբիլիսիի հայկական համայնքի պասիվ պահվածքն է, հայկական համայնքի պառակտվածությունը։ Ջավախահայությունը, սակայն, իր պահվածքով առաձնանում է մյուս վրացահայերից։
Նա նշեց, որ Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորները չեն պատասխանում հայկական կազմակերպությունների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նամակներին։
Նախորդ տարի էլ հայկական կազմակերպությունների՝ այդ թեմայով նամակին պատասխանել են վրացի և ադրբեջանցի պատգամավորները՝ նշելով, որ այդ քայլը մեծ վնաս կհասցնի Վրաստանի և Թուրքիայի հարաբերություններին։
Վահե Սարգսյանի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմն իր հաշտեցնող դերն այսօր չի կատարում։ «Եկեղեցին չպետք է տարբեր համայնքների ներկայացուցիչներին դիտի քաղաքական տեսանկյունից։ Սակայն հակառակ գործընթացն է տեղի ունենում, ինչ-որ քաղաքական գործիչների հետ շփումից հետո եկեղեցին մի քիչ վատ աչքով է նայում հայկական համայնքի հայրենասիրական կազակերպությունների տղաներին՝ ասելով՝ նրանք բորբոքում են, այս են անում, այն են անում։ Եկեղեցում դերակատարումն այստեղ խիստ խմբագրման կարիք ունի»,- նշեց նա։
Ըստ Վահե Սարգսյանի՝ Վրաստանի թուրքերն ու ադրբեջանցիներն այսօր մեծ ազդեցություն ունեն այդ երկրի ղեկավարության որոշումների կայացման վրա։ Բացի այդ, ըստ բանախոսի, Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտում են նաև թուրք-ադրբեջանական ներդրումները։
Ցեղասպանության չընդունման ամենակարևոր պատճառը, բանախոսի խոսքով, վրաց հասարակության, վրաց պետական և եկեղեցական շրջանակների՝ այլազգիների, մասնավորապես, հայերի հանդեպ վարած քաղաքականությունն է։ Ըստ նրա՝ Քեմալ Աթաթուրքի քաղաքականությունից ոգեշնչված է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անում հետևյալ արտահայտությունը, թե պատմաբանների հարցը պետք է թողնել պատմաբաններին։ «Ծիծաղելի կլինի Վրաստանի այդ իշխանությունից Ցեղասպանության ճանաչում ակնկալել»,- նշեց նա։

No comments: