Saturday, May 21, 2011

Քայլ անելու հերթը Հայաստանինն է. Էրդողան

Tert.am. 21-5-2011- Երեկ Կարս քաղաքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպել էր հանդիպում իր ընտրողների հետ, որի ընթացքում այլ հարցերի թվում անդրադարձել է նաև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը։
Ընդգծելով, որ թուրքական կողմը սպասում է Հայաստանի քայլին, Էրդողանն ասել է. «Ինչ վերաբերում է եղբայրությանը, ապա մենք Ադրբեջանի, Նախիջևանի հետ հավերժ եղբայրներ ենք։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա մենք մեր հաշտեցման ձեռքը բարի նպատակներով մեկնեցինք Հայաստանին։ Հիմա հերթը նրանն է»,– ասել է Էրդողանը։
Կարսում Էրդողանը մասնակցել է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անվան արդյունաբերական վարժարանի հիմնարկեքի արարողությանը, որի ընթացքում խոսել է թուրք–ադրբեջանական հարաբերությունների և Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի մասին։
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են նաև, որ Էրդողանի հանրահավաքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Մի խումբ մարդիկ աղաղակել են հակաիշխանական կոչեր։ Իրավապահներն անմիջապես միջամտել են և ձերբակալել 10 մարդու։

No comments: