
«ԱԶԳ», 07-06-2011- Հունիսի 11-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը :
Ադրբեջանի «գլխավոր դիվանագետը» նշել է, որ տարածաշրջան ժամանած Մինսկի խմբի համանախագահները, որոնք երեկ ժամանել են Բաքու, հակամարտության կողմերին կներկայացնեն խնդրի հանգուցալուծման առաջարկները: «Կողմերի արձագանքը ստանալուն պես համանախագահները կուղարկեն դրանք Կազան` նախագահներին: Եթե պետության նախագահները հավանության արժանացնեն այդ առաջարկությունները, դա կլինի եւս մեկ քայլ առաջ: Կմնան մի շարք հարցեր, որոնց վրա հնարավոր կլինի աշխատել», ասել է Մամեդյարովը: Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է, որ հիմնարար սկզբունքներում համաձայնության հասնելուց հետո սկսվելու է խաղաղության համաձայնագրի մշակումը. «Բացառվում է, որ սկզբունքները համաձայնեցնելուց հետո 70 տարի աշխատենք խաղաղության համաձայնագրի վրա: Եթե սկզբունքներն ընդունվեն, ապա 6-12 ամսվա ընթացքում պետք է ավարտվի նաեւ աշխատանքը համաձայնագրի շուրջը», բավական լավատեսորեն ընդգծել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ինչպես տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջից, երեկ Իլհամ Ալիեւն ընդունել է Մինսկի խմբի համանախագահող եռյակին` Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա): «Հանդիպմանը տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ», տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի կայքէջը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, Երեւանում կլինեն հունիսի 9-ին եւ կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախատեսվում է նաեւ համանախագահների այցը Ստեփանակերտ:
No comments:
Post a Comment