Saturday, June 18, 2011

ՄԵԾ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ` ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ ԵՎ ԱԼԻԵՎԻՑ

«ԱԶԳ», 18-06-2011- Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Կազանի հունիսի 25-ի հանդիպմանը որոշում կկայացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնադրույթների նախագծի առնչությամբ: Այս մասին, ըստ «ՌԻԱ-Նովոստի»-ի հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
«Սպասումները մեծ են», ասել է ռուս դիվանագետը: Նրա խոսքերով, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, սպասվող հանդիպմանը ենթադրվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես կոչված հիմնարար սկզբունքների ամբողջական նախագիծ: Լուկաշեւիչը նշել է, որ այդ փաստաթղթի ձեւակերպումները համաձայնեցվել են ապրիլին եւ հունիսին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների ընթացքում:
Ռուս դիվանագետը ներկայացրել է, որ հենց այդ մշակումներն էլ կքննարկեն Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ու «կընդունեն համապատասխան որոշում»:
Կազանի հանդիպումը կլինի իններորդ եռակողմը Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի համար: Եվ եթե այդ նախորդած հանդիպումներում ստորագրված փաստաթղթերը հիմնականում կրկնությունն են արդեն իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների բովանդակության, ապա Կազանում սպասելիքներն ավելին են` ստորագրված տեսնելու որեւէ փաստաթուղթ, որը հիմք կդնի խաղաղ համաձայնագրի աշխատանքներին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: