Saturday, June 18, 2011

Թոմաս դե Վաալ. Էդողանի «պուտինիզմը» եւ գաղափարների շատրվան, «ոչ Մուբարաք» Միխայիլ Սահակաշվիլին

News.am. 17-6-2011- Ամերիկյան «The National Interest» պարբերականում հրապարակվել է Թուրքիայի եւ Վրաստանի քաղաքական իրավիճակի մասին Թոմաս դե Վաալի հոդվածը:
Թուրքիան ու Վրաստանն աստիճանաբար ավելի են ճահճանում կեղծ միակուսակցական պետական սխեմաներում` դառնալով սեփական հաջողության զոհը:
Նախորդ տասնամյակում Սպիտակ կուսակցությունը վերափոխեց Թուրքիան: Կուսակցությունը երկիրը դարձրեց տնտեսական հաջողության օրինակ` 17-րդ խոշորագույն տնտեսությունն աշխարհում: Կուսակցությունը հնազանդեցրեց բանակը, մաքրեց դատական համակարգը եւ ձեռք մեկնեց փոքրամասնություններին: Այդուհանդերձ, թուրք վերլուծաբանների մեծամասնությունը թեթեւացած շունչ քաշեց, երբ Սպիտակ կուսակցությունը չկարողացավ անցած կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններում ճնշող մեծամասնություն ստանալ: 550 տեղերից 326-ը մեծամասնություն ապահովում է, սակայն սահմանադրությունում փոփոխություններ կատարելու ջանքերում նոր կառավարությունը ստիպված կլինի համաձայնության գնալ մյուս ուժերի հետ: Դա կբարդացնի Էրդողանի «պուտինիզմի» իրագործումն ու եւս մեկ ուժեղ նախագահ դառնալու նկրտումը:
The Economist պարբերականը «Ակ Կուսակցության» (Սպիտակ կուսակցության) ուժեղ, բայց ոչ անվերապահ կողմնակիցն է: Սակայն The Economist-ը խորհուրդ տվեց քվեարկել Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության օգտին` նշելով, որ ուժեղ խորհրդարանական ընդդիմության առկայությունից Թուրքիան միայն կշահի:

Վրաստանը շուտով կհայտնվի նմանատիպ խաչմերուկում: Հաջողակ կուսակցությունը հաղթեց երկու ընտրություններում եւ իշխում է քաղաքական դաշտում: 2012-2013 թվականներին նրան նոր մարտահրավեր է սպառնում, թեեւ Վրաստանը հիմա է սահմանադրություն փոխում: Վրացական հիմնախնդիրները թուրքականից բարդ են: Միակուսակցական համակարգերը լինում են տարբեր ձեւի եւ չափի` համեմատաբար մեղմից (Վաշինգտոն, նախակոալիցիոն Բրիտանիա) մինչեւ ավտորիտար եւ բռնատիրական (Թուրքմենստան եւ Սիրիա): Վրաստանի դեպքում անհանգստացնում է այն փաստը, որ իշխող էլիտան վերահսկում է ոչ միայն կառավարությունն ու խորհրդարանը, բայց նաեւ գործնականում վերահսկում է բոլոր ռեգիոնալ իշխանությունները: Ավելին` այն ունի երեք խոշորագույն հեռուստաալիքների առաջկցությունը, իսկ դատական համակարգը թույլ է:

Վրաստանի ապագայի մասին «Վրաստանի ընտրությունը» զեկույցի վրա ես աշխատեցի մի քանի ամիս եւ ապշեցի, թե որքան հնարամիտ է իշխող էլիտան գլխավոր խաղացողի տեղն ապահովելու նպատակով արեւմտյան տեխնոլոգիաների եւ PR-միջոցների կիրառման մեջ: Դա հետխորհրդային աշխարհի մեկ այլ համընդգրկուն ֆենոմենի մաս է. պետության ուժը մեծանում է, բայց մեծանում է նաեւ իշխող էլիտաների իշխանությունն պահպանելու ունակությունը: Իշխող կուսակցության քարոզչությունը համոզում է, որ այլընտրանք չկա եւ հզորանում է նոր ռեսուրսների ներգրավմամբ: Վրաստանը հարեւանների համեմատ ավելի բազմակուսակցական է, սակայն Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում իշխանական թեկնածու Գիգի Ուգուլավան հիմնական ընդդիմադիր թեկնածու Իրակլի Ալասանիային գերազանցեց մոտ հարյուր անգամ:

Գյուղական համայնքներում դա անելն ավելի դյուրին է: Երբ ես ճանապարհորդում էի գործազրկության եւ աղքատության բարձր մակարդակ ունեցող Վրաստանի արեւելյան գինեգործական Կախեթիայի գյուղերում, ապա ամենուր տեսնում էի գրված 5 թիվը, որն իշխող Միացյալ ազգային շարժման հորիզոնականն էր նախորդ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկում: 2012-ի ընտրություններում դարձյալ այդպես կլինի: Մի քանի հանդիպումներ համայնքներում, նավակը չճոճելու կոչեր, հասարակական աշխատանք` եւ գյուղի բնակչները երաշխավորված դարձյալ կքվեարկեն համար 5-ի օգտին:


Միխայիլ Սահակաշվիլին Հոսնի Մուբարաք չէ: Նա դեռեւս մեծ ժողովրդականություն է վայելում Վրաստանում: Նրա հիմնախնդիրը ոչ թե գաղափարների դեֆիցիտն է, այլ դրանց առատությունը: Վրաստանի համար իրական փորձություն կլինի տնտեսությունը: Վրաստանը Թուրքիայի նման ներկայանում է որպես տնտեսական հաջողության մի պատմություն, սակայն գլխավոր հաղթանակները եղել են 2004-2008 թվականներին:

Թուրքիայում, հիմնականում, զգուշանում են տնտեսության գերտաքացումից: Վրաստանն այդպիսի խնդիրների մասին միայն երազել կարող է:

Ծայրահեղ ազատական դեղատոմսերը, որոնք 2006-2008 թվականներին ապահովեցին օտարերկրյա ներդրումների կտրուկ հոսքը Վրաստան, քիչ բան կարող են առաջարկել արմատացած աղքատության դեմ պայքարին: Վրաստանում այս տարի տնտեսական աճի համեմատաբար առողջ տեմպեր են, սակայն գործազրկությունը դարձյալ կայուն բարձր մակարդակի վրա է, իսկ պարենային գնաճը գերազանցում է 30 տոկոսը: Երբեմնի հպարտ գյուղատնտեսական երկիրն այժմ իր պարենի 4/5-րդը ներմուծում է: Անցած տարվա նոյեմբերի հարցման տվյալներով, հարցվածների 25 տոկոսը նշել է, որ գումարը չի բավականացնում ուտելիքի համար: Այսպիսի պայմաններում բազմակուսակցական քաղաքականությունն ավելի գրավիչ է դառնում. երբեմն օգտակար է ունենալ մեղքը կիսելու հնարավորություն:

No comments: