Saturday, July 2, 2011

ՀՀ նախագահ. Բաքուն վերջին 15 ամիսներին բանակցային փաստաթուղթը փոփոխելու 4 փորձ է արել

Panorama.am. 1-7-2011- Կազանի հանդիպման ժամանակ պաշտոնական Բաքուն առկա փաստաթղթի վերաբերյալ 10 առաջարկություն է ներկայացրել: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ համատեղ ասուլիսում այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը միևնույն ժամանակ հիշեցրեց ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթը, որտեղ կազանյան հանդիպման նախօրեին հայտարարել է, որ եթե Ադրբեջանը նոր առաջարկներ չներկայացնի, ապա կարելի է առաջընթաց ակնկալել: Այս մասին հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը:
«Կազանում մենք իրոք կարող էինք բեկում իրականացնել: Սակայն, ցավոք սրտի, դա չստացվեց: Պաշտոնական Բաքուն, ցավոք սրտի, իրեն պահեց այնպես, ինչպես վերջին մեկուկես տարվա ընթացքում»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը ու հավելեց, որ արդեն առկա փաստաթուղթը փոփոխելու 10 առաջարկ է ներկայացվել Բաքվի կողմից:
«Անցնող 15 ամիսներին այդ սցենարը կրկնվում էր արդեն չորրորդ անգամ»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:
«Ես կարծում եմ, որ համենայն դեպս մեկ շանս արդեն բաց է թողնվել: Դա չի նշանակում բանակցային գործընթացի ավարտ: Սակայն դա նշանակում է, որ ամեն դեպքում մինչ նոր հանդիպումը գոյություն ունեցող ժամանակահատվածը մենք կորցրինք: Ռուսաստանի նախագահը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատել են հակամարտության կարգավորման ուղղությամբ իրենց ջանքերը շարունակելու պատրաստակամությունը, և երեկ ՌԴ նախագահն հեռախոսազրույցում ինձ տեղեկացրեց, որ արդեն իր տեսլականը գրավոր տարբերակով հղել է: Կարծում եմ, շուտով մենք կստանանք այն ու կտեսնենք, թե ինչպես առաջ շարժվելել»,- ամփոփեց ՀՀ նախագահը:

No comments: