Saturday, July 2, 2011

Ժողովրդավարական Թուրքիան հետապնդում է գրքերն ու գրողներին

News.am. 2-7-2011- Թուրքիայում 2008-2011 թվականներին 100-ից ավելի հայց է ներկայացվել գրքերի դեմ, իսկ միայն այս տարվա առաջին կեսին մոտ 30 գրողներ եւ թարգմանիչներ կանգնել են դատարանի առջեւ: Սրանք Հրատարակիչների թուրքական ընկերակցության հրապարակած հաշվետվության տվյալներն են, գրում է «Hurriyet Daily News and Economic Review»-ն:
Հումորիստական հանդեսների եւ կայքերի դեմ եւս հայցեր են ներկայացվել, որոշները «մարդկանց բարոյական զգացմունքները վիրավորելու համար», իսկ մի մասն էլ հակաահաբեկչական օրենքները խախտելու: Հրատարակիչների թուրքական ընկերակցության նախագահ Մեթին Ջելալի խոսքով, 2011 թվականը ավելի մռայլ է խոսքի ազատության առումով, քան 1980-ը, երվ զինվորականները տխրահռչակ հեղաշրջումն իրականացրին:
«Գրողներին եւ թարգմանիչներին դատի են տալիս, լրագրողները հայտնվում են բանտերում, հուշարձանները քանդվում են… Դա էլ հերիք չէ, աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հրավիրվեց Անթալիայի կինոփառատոն միայն նրա համար, որ բողոք ներկայացվի իրեն: Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկին գրեթե դատեցին իր մտքերը հայտնելու համար: Մեկ այլ գրողի ամբաստանեցին իսլամը վիրավորելու մեղադրանքով»,- ասել է Ջելալը:

«Մենք դեռ հեռու ենք ժողովրդավարությունից: Թուրքիան բավարար աշխարհիկ չէ եւ ավելի վատն է դառնում»,- իր հերթին նշել է Գրողների համաշխարհային ընկերակցության թուրքական մասնաճյուղի ղեկավար Թարըք Գյուներսելը:

No comments: