Saturday, July 30, 2011

Ապրիլի 24 -ին հայազգի զինվորին սպանած թուրք ազգայնականի համար պահանջում են 9 տարվա ազատազրկում

News.am. 29-7-2011- Թուրքիայում ապրիլի 24-ին զորամասում հայազգի զինծառայող Սեւակ Շահինի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այսօր՝ հուլիսի 29-ին տեղի է ունենալու առաջին դատական նիստը:
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ ռազմական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում Քվանչ Աղաօղլուի համար պահանջվում է ընդամենը 9 տարվա ազատազրկում՝«անփոթության հետեւանքով մարդ սպանելու համար»:
Նշենք, որ 25-ամյա Սեւակը ավարտել էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը եւ ծառայության էր անցել Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիայի զորամասում։

Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։ Ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայողի կողմից։ Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սակայն Սեւակի ծնողները չեն հավատում այս տեսակետին եւ պահանջում են մանրամասն հետաքննություն իրականացնել։

Սեւակի թաղման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 27-ին Ստամբուլում։ Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարությունը եւ Ստամբուլի քաղաքապետը ծաղկեպսակ էին ուղարկել, իսկ պետնախարար Էգեմեն Բաղըշը, Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը, ՀրանտԴինքի այրին, Պոլսո փոխպատրիարք. Արք. Արամ Աթեշյանը եւ հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ մասնակցել են թաղման արարողությանը։
Սեւակի հոգեհանգիստը տեղի է ունեցել Ստամբուլի Սուրբ Վարդանանց եկեղեցում, որից հետո դին ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանոցում։

No comments: