Saturday, July 30, 2011

Տիգրան Սարգսյանը կհեռանա՞

“Ժողովուրդ” թերթը տեղեկություն է հրապարակել, թե Տիգրան Սարգսյանի հետ շփվողները նկատել են, որ վերջին շրջանում նա փոխվել է, շատ հարցերի հանդեպ դարձել անտարբեր, իսկ իր մոտ որեւէ հարց քննարկելու եկած նախարարներին ասում է, թե հոգնած է եւ ուզում է քննարկումն արագ ավարտել:
Տիգրան Սարգսյանի տրամադրության եւ հոգեվիճակի մասին պաշտոնական արձագանք թերեւս կլինի, բայց ամենեւին զարմանալի չէ, որ վարչապետի մոտ կարող է լինել անկումային տրամադրություն կամ հոգնածություն: Նախ, վարչապետը նույնպես մարդ է եւ ինչպես ցանկացած մարդու մոտ, նրա մոտ էլ կարող է լինել տրամադրության անկում եւ հոգնություն:
Բացի այդ, ինչպես էլ գնահատելու լինենք Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունը, թերեւս աներկբա է, որ անցած երեք տարիների ընթացքում նա իսկապես բավական բարդ իրավիճակում էր եւ չափազանց ծանր խնդիրներ էր ստիպված լուծել: Գնահատականները կարող են տարբեր լինել այդ լուծումների արդյունավետության, իրավացիության, համարժեքության առումով, բայց որ Սարգսյանը երեք տարի է աշխատում է չափազանց բարդ պայմաններում, թերեւս միարժեք է:
Դրանից բացի, Տիգրան Սարգսյանի գործոնը բավական հետաքրքրական երանգ է ստանում ներկայիս ներքաղաքական անցուդարձի` Կոնգրես-իշխանություն բանակցության ֆոնին: Իշխանությունն այդ բանակցությանը համաձայնել է քննարկել արտահերթ ընտրության հարցը, թեեւ ընդամենն այն պատճառով, որ չի ցանկանում մերժել որեւէ հարցի քննարկում: Բայց իշխանությունը նաեւ հայտարարում է, թե արտահերթ ընտրության հիմք չկա, այսինքն ինքը չի գնա արտահերթ ընտրության:
Հայ ազգային կոնգրեսը պահանջում է ընտրություն հոկտեմբերին, այլապես սպառնալով գնալ առճակատման: Ասել, թե դա շատ մեծ սպառնալիք է իշխանության համար, սխալ կլինի: Բայց սխալ կլինի ասել նաեւ, թե իշխանությունը չունի դրանից լրջորեն մտահոգվելու պատճառ: Գուցե շատ բան կախված է արտաքին արձագանքից, թե որքանով թույլ կտան իշխանությանն այս անգամ էլ ընդդիմության հետ հարցերը լուծել ուժով:
Բայց, քաղաքականությունը մաթեմատիկական բանաձեւերով չէ, որ իրականացվում է, այլ փաստարկներով, հետեւաբար ընթացքում կողմերը կարող են տարբեր փաստարկներով թե իրար ինչ որ բանում համոզել, թե համոզել արտաքին գործընկերներին: Այնպես որ չի բացառվում, որ իշխանությունը արտահերթից խուսափելու համար գնա կառավարությունը լուծարելու եւ նոր կառավարություն ձեւավորելու ճանապարհով, դրանում տեղ առաջարկելով Հայ ազգային կոնգրեսին, ինչպես նաեւ որպես գործունեության երաշխիք ինչ որ համաձայնագիր կնքելով, որ խորհրդարանական մեծամասնությունը սաբոտաժի չի ենթարկի ասենք կոնգրեսական վարչապետի աշխատանքը:
Կոնգրեսը թերեւս պատրաստ է քննարկել իրադարձությունների զարգացման այդ տարբերակը: Համենայն դեպս, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն օրերս Ազատությանը հայտնել էր, որ իշխանությունը եթե արտահերթի չի գնում, ապա համակարգային լուրջ քայլ պետք է առաջարկի դրա փոխարեն, որ իրենք էլ կարողանան հանրությանը ներկայացնել դա եւ փաստարկել առճակատումից խուսափելու մարտավարությունը: Իսկ կառավարության պաշտոնանկությունը եւ ընդդիմությանը վարչապետի պաշտոն առաջարկելը, համաձայնեք, որ շատ լուրջ համակարգային քայլ է, գոնե առաջին հայացքից:

Ու չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է հեռանալ, կամ, գոնե պատրաստվում է տեղեկատվական համապատասխան մթնոլորտ, որ եթե առաջանա նրան հեռացնելու անհրաժեշտություն, ապա դա խաղաղ երկնքում ամպրոպի տպավորություն չթողնի: Թվում է, որ դրա կարիքը չկա, քանի որ երկրում առկա տնտեսական վիճակն ու Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականության մեղմ ասած թույլ արդյունքը վարչապետի պաշտոնանկությունը հանրության համար թերեւս մշտապես սպասված քայլ են դարձրել: Բայց, մյուս կողմից, հասարակության մի զգալի մաս հասկանում է, որ Հայաստանում խնդիրը վարչապետը չէ, այլ նրան նշանակողը` նախագահը: Հայաստանում թերեւս որեւէ վարչապետ, բացառությամբ գուցե Վազգեն Մանուկյանի եւ Վազգեն Սարգսյանի, իր քաղաքականությունը չի իրականացրել, այլ եղել է ընդամենը կատարող, իհարկե ոչ բացարձակ իմաստով:

Մյուս կողմից, Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկությունը կարող է վկայել երկու բանի մասին` կամ Սերժ Սարգսյանն իշխանության մեջ այդպես էլ չկարողացավ ուժերի վերադասավորում անել եւ հետին պլան մղել Հովիկ Աբրահամյանին, ու ընտրությունից առաջ այսպես ասած երկիշխանություն թույլ չտալու համար նա կհեռացնի Տիգրան Սարգսյանին, կամ էլ պարզապես Սերժ Սարգսյանը պատրաստվում է կամաց-կամաց զիջել իշխանությունը եւ առաջին քայլը` այսպես ասած e2 e4-ը, Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը կլինի:

Թեեւ, խոշոր հաշվով երկու դեպքում էլ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը զիջում է իշխանությունը, միայն թե խնդիրը հետեւյալն է` զիջում է Կոնգրեսի՞ն, թե իշխանական քրեա-օլիգարխիկ համակարգի ավանդական թեւին:

Թվում է, թե Սերժ Սարգսյանը հենց այդ թեւից է եւ այդ պարագայում զիջելու հարց չկա: Իրականում այդպես թվում է թերեւս առաջին հայացքից: Իհարկե, Սերժ Սարգսյանն այդ համակարգից է, գուցե նույնիսկ շատ հարաբերական է Տիգրան Սարգսյանի այդ համակարգից չլինելը, բայց խնդիրն այս դեպքում այլ է: Մի բան է համակարգից լինելը, նույնիսկ համակարգի ճարտարապետներից, մի այլ բան է համակարգը կառավարելը: Դու ես կառավարում համակարգը, թե համակարգն է կառավարում քեզ: Դա է տվյալ պարագայում հարցը Սերժ Սարգսյանի համար: Ու Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունն այդ իմաստով ցույց կտա, թե ում է հանձնում իշխանությունը Սերժ Սարգսյանը:

Թեեւ, կա նաեւ մեկ այլ տարբերակ` Տիգրան Սարգսյանը կատարեց իր գործը, կատարեց շղարշի դերը ճգնաժամային ներքաղաքական իրավիճակում, հասարակական լարվածության պայմաններում, որքան կարող էր չեզոքացրեց, լիցքաթափեց իշխանության հանդեպ հանրային արմատական տրամադրվածությունը: Այժմ այդ շղարշը ակնհայտորեն այլեւս չի աշխատում, եւ ավելին` նույնիսկ աշխատում է հակառակ էֆեկտով` Տիգրան Սարգսյանը սկսել է իր ոչ մի կերպ գործի չվերածվող խոսքով նյարդայնացնել եւ արմատական տրամադրություն հաղորդել հանրությանը, ու Սերժ Սարգսյանին այդ իմաստով ձեռնտու կլինի այս պահին փոխել վարչապետին, առավել եւս, որ ընդդիմության հետ նստել է բանակցության սեղանին եւ առճակատում չկա, որը ներիշխանական լիարժեք կոնսոլիդացիա կպահանջի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: