Wednesday, July 20, 2011

Հրաժարականի ժամանակը - 2

«Լրագիր» 20-7-2011- Հայաստանում մինչեւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները չի կարող լինել խորհրդարանի արտահերթ ընտրություն: Սահմանադրությունը չի տալիս այդպիսի հնարավորություն: Խորհրդարանը փաստացի պետք է երեք ամիս պարապուրդի մատնվի, որ նախագահը իրավունք ստանա ցրել խորհրդարանը: Հետեւաբար, եթե ենթադրենք, որ Ազգային Ժողովը սեպտեմբերին մեկնարկելիք աշնանային նստաշրջանի հենց առաջին օրից դադարում է աշխատել` ասենք նախագահի նստավայրից եկած հրամանով, ապա նախագահը այն ցրելու իրավունք ստանում է միայն երեք ամիս անց:
Հետեւաբար, սեպտեմբերին հնարավոր է միայն նախագահի արտահերթ ընտրություն: Կլինի՞ արդյոք այդպիսի բան: Սերժ Սարգսյանը կտա՞ արդյոք հրաժարական: Եթե դրա շարժառիթ կամ դրդապատճառ պետք է լինի երկրի ծանր վիճակը, ապա հազիվ թե սեպտեմբերին իրատեսական լինի սպասել Սերժ Սարգսյանի հրաժարական: Անցյալ երեք տարիների ընթացքում երկրում ավելի ծանր վիճակ է եղել, բայց նա կարողացել է պահել իր պաշտոնը, իսկ ընդդիմությունն էլ չի կարողացել ստիպել նրան հեռանալ: Հազիվ թե սեպտեմբերը Սերժ Սարգսյանի համար այդ առումով լինի դժվար ամիս:

Բայց, ներքին գործոնից բացի, կա իհարկե Ղարաբաղի հարց, որտեղ դինամիկ զարգացումներ են արձանագրվում: Կարո՞ղ է արդյոք այդ հարցը Սերժ Սարգսյանի հրաժարականի պատճառ դառնալ: Կարող է իհարկե, առավել եւս, որ Հայաստանի անկախության 20 տարիների պատմության ընթացքում միակ նախագահական հրաժարականը եղել է հենց Ղարաբաղի հարցի պատճառով, կամ թեկուզ առիթով, էական տարբերություն այս դեպքում չկա:

Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նկատելի են փակուղու շոշափելի նախանշաններ: Անցյալ երեք տարիների ընթացքում ինքնահաստատվող նախագահ Մեդվեդեւի ջանքերը խնդրի արհեստական գեներացիա առաջ բերեցին, հասունացնելով հարցի արտաքին ընթացքը, բացարձակապես ուշադրություն չդարձնելով ներքին բովանդակային վիճակին: Բովանդակությունը մնաց խակ, իսկ արտաքինից հարցը հասունացավ, Կազանում հասնելով ակնհայտ ճգնաժամի:

Ճիշտ կլիներ իհարկե, որ այդ դեպքում Մեդվեդեւը հրաժարական տար, քանի որ ինքն է եփել այդ ամբողջ անհամ շիլան: Բայց դե հասկանալի է, որ եթե կան Սերժ Սարգսյանն ու Ալիեւը, Մեդվեդեւը հրաժարական չի տա: Ուրեմն, փակուղուց դուրս գալու համար հրաժարական պետք է տա նրանցից մեկը: Ով կտա հրաժարական` Ալիեւը, թե Սերժ Սարգսյանը: Ավելի հավանական է Սարգսյանի հրաժարականը, որովհետեւ Ղարաբաղի հարցում ճգնաժամային լարվածությունը հաղթահարելու համար միայն հրաժարականը բավական չէ: Հարկավոր է, որ դրանից հետո տվյալ երկրում տեղի ունենան դեմոկրատական վերափոխումներ:

Օրինակ, 1998 թվականին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բայց քանի որ երկրում դեմոկրատական վերափոխումներ տեղի չունեցան, այլ ամբողջատիրական եւ ավտորիտար համակարգը էլ ավելի բյուրեղացվեց եւ ինստիտուցիոնալացվեց, Ղարաբաղի հարցը շարժվեց դեպի ճգնաժամ եւ փակուղի, ոչ թե հանգուցալուծում:

Բայց, կասկած չկա, որ դեմոկրատական վերափոխումների շանս ունի Հայաստանը, իսկ Ադրբեջանը կարծես թե վերջնականապես կնքված խանական տերություն է, որտեղ Ալիեւի թագավորությունը ստացել է միջազգային լեգիտիմություն: Երբ նա Սահմանադրության մեջ ամրագրեց իր ցմահ առաջադրվելու իրավունքը, միջազգային հանրությունը դրան առանձնապես չընդդիմացավ: Իսկ ահա Հայաստանի պարագայում միջազգային հանրությունը ոչ միայն մեկընդմիշտ կասեցրեց երրորդ անգամ առաջադրվելու սահմանադրական հնարավորություն ստեղծելու Ռոբերտ Քոչարյանի մտադրությունը, որ փորձ էր արվում կյանքի կոչել Սահմանադրության փոփոխության գործընթացով, այլ պարտադրեց գնալ նախագահի ինստիտուտի լիազորությունների որոշակի թուլացման եւ խորհրդարանի ու վարչապետի դերի բարձրացման, գուցե նույնիսկ այդ միջոցով Ռոբերտ Քոչարյանին թեքելով փոխզիջման, կոտրելով նրա դիմադրությունը` խոստանալով, որ չեն խանգարի նախագահի պաշտոնը թողնելուց հետո նրա վարչապետ դառնալուն:

Իհարկե, թե ինչ եղավ հետո, եւ ինչու եղավ, ու ինչպես եղավ, այլ պատմություն է: Բայց փաստ է, որ դեմոկրատական “խաղադրույք” միջազգային հանրություն կոչվածը, կամ պարզապես Արեւմուտքը, անում է Հայաստանի վրա: Ու այդ տրամաբանությունը հուշում է, որ Ղարաբաղի հակամարտության ճգնաժամը հաղթահարելու համար եթե պահանջվի որեւէ հրաժարական, ապա դա լինելու է Հայաստանի նախագահի հրաժարականը, բայց դա որպես Հայաստանում դեմոկրատական վերափոխումներ սկսելու առաջին քայլ: Այսինքն, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, բայց երաշխավորի Հայաստանում քաղաքական ազատ մրցակցության վրա հիմնված ընտրության անցկացումը, ոչ թե ընդամենը իր պաշտոնը փոխանցի որեւէ մեկին:

Իհարկե, Սերժ Սարգսյանը կարող է նաեւ դեմոկրատական վերափոխումների գնալ առանց հրաժարականի: Տեսականում դա հնարավոր է, բայց նրա նախագահության երեք տարին ցույց տվեցին, որ գործնականում Սարգսյանը կամ չի ուզում դա անել, կամ չի կարողանում:

Այստեղ եթե խնդիրը միայն Հայաստանը լիներ, ապա Արեւմուտքի համար բացարձակ նշանակություն չէր ունենա, թե ինչ կլինի Հայաստանում եւ ինչ կանի Սերժ Սարգսյանը, քանի որ նա այսպես թե այնպես կաներ Արեւմուտքի ասածները: Բայց Հայաստանի դեմոկրատական իրական վերափոխումները դարձել են արդեն տարածաշրջանային անհրաժեշտություն, որովհետեւ ակնհայտ է, որ միայն Վրաստանով “գարուն” չի գա: Հետեւաբար, պատերազմ, թե հրաժարական դիլեմայում Արեւմուտքը անկասկած կընտրի հրաժարականը, այն պարտադրելով կամ հորդորելով Սերժ Սարգսյանին: Հնարավոր է իհարկե հրաժարական պատերազմով: Բայց դա թերեւս կլինի ամենաանցանկալի տարբերակը, եւ ամենաշատը հենց Սերժ Սարգսյանի համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: