Friday, July 15, 2011

«Today`s Zaman». Մադրիդյան սկզբունքներ. խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ

News.am. 15-7-2011- NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Ռուսաստանի եւ Կովկասի հետազոտող, Եվրասիական հետազոտությունների կենտրոնի (AVİM) հետ համագործակցող Հալիթ Գյուլշենի հոդվածը, որը հրապարակել է թուրքական «Today’s Zaman»-ը:
Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է արդեն 20 տարի եւ մինչեւ այսօր չի հաջողվել լուծում գտնել:
Մինսկի խմբի նախաձեռնությունները, որոնք ավելացել են վերջին տարիներին (հատկապես, 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո) եւ Մադրիդյան սկզբունքները, որոնք ձեւակերպվել են 2007-ին, նույնպես կողմերին չբերեցին ոսկե միջինի: Առաջնորդների հանդիպումը Կազանում նույնպես արդյունք չտվեց: Ադրբեջանական եւ հայկական իշխանությունները շարունակում են մեղադրել միմյանց: Այս իրավիճակն ունի մեկից ավելի պատճառներ:
Մադրիդյան սկզբունքները այսօրվա տեսքով շատ բարդ կլինի ընդունել եւ իրագործել: Գլխավոր պատճառն այն է, որ թեեւ սկզբունքները նախատեսում են Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների հանձնում հայերի կողմից, սակայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է հետագա տարիներին, հանրաքվեի միջոցով:

Դա նշանակում է, որ Ադրբեջանը կկորցնի Լեռնային Ղարաբաղը: Հենց այդ պատճառով Ադրբեջանը չունի գրեթե ոչ մի հնարավորություն ընդունել այդ կարգի առաջարկ: Հիմնախնդիրը փակուղի է մտնում նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի պատճառով:
Սակայն եթե կողմերը կարողանան փոխզիջման հասնել Մադրիդյան սկզբունքների հարցում, ապա կա հետեւյալ սցենարի հնարավորությունը.
Հայաստանում: Թեեւ Հայաստանը կստանա այն, ինչ ցանկանում է ստանալ Լեռնային Ղարաբաղում, սակայն եթե ընդունվեն սկզբունքները, ապա տարածքների հանձնումը սուր հակազդեցություն կառաջացնի Հայաստանի հասարակությունում: Ընդդիմության բողոքները կվերածվեն շատ ավելի զանգվածային ցույցերի եւ այդ իրավիճակը բարդություններ կստեղծի երկրի համար: Բացի այդ, եւս մեկ մեծ հարց կդառնա Ադրբեջանի կողմից շրջապատված Լեռնային Ղարաբաղը:
Ադրբեջանում: Եթե Ադրբեջանը ընդունի սկզբունքներն այս տեսքով, ապա ավելի լուրջ հետեւանքներ կունենա, քան Հայաստանը: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը 10-15 տարի հետո հանրաքվեով որոշելու սկզբունքն ընդունելու դեպքում Ալիեւի վարչակազմը կբախվի բողոքի զանգվածային ցույցերի: Բացի այդ, հնարավոր է պառակտում վարչակազմի ներսում: Այդ իրավիճակը կհանգեցին անկայունության Ադրբեջանի ներքին քաղաքականությունում, եւ դրա վերջը դժվար է կանխատեսել:
Այսպիսով, Մադրիդյան սկզբունքներն ունեն միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում ավելի խորը հիմնահարցեր վեր հանելու ներուժ: Այս կապակցությամբ պետք է ուշադրություն դարձնել Մինսկի խմբի եւ, հատկապես, Ռուսաստանի մոտեցմանը:
Թեեւ Մինսկի խումբը հակամարտության կողմերի հետ բանակցություններ է վարում արդեն մոտ 20 տարի, սակայն այն, որ առայժմ չի կարողանում արդյունք ստանալ` հարցեր է առաջ բերում խմբի ֆունկցիայի եւ արդյունավետության վերաբերյալ:
Հատկապես Ադրբեջանում կան լուրջ մտավախություններ, որ Մինսկի խումբն իրականացնում է հետաձգման քաղաքականություն: Մենք պետք է նկատենք, որ այս կարծիքն այնքան էլ սխալ չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղում այնպիսի իրավիճակ է, որ գոյություն ունեցող ստատուս-քվոյի փոփոխությունը, նույնիսկ խաղաղության փաստաթղթով, տարածաշրջանում կարող է հանգեցնել անսպասելի արդյունքների: Այդ պատճառով Մինսկի խումբը գործում է զգուշությամբ:
Այդուամենայնիվ, ակնհայտ է, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունների հռչակումն անհանգստություն է առաջացրել Մինսկի խմբում, քանի որ 2008-ի պատերազմից հետո անցկացվել է առաջնորդների մոտ 15 հանդիպում: Բանակությունների քանակը մեծացնելու փոխարեն, Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, այլապես քիչ հավանական կլինի արդյունքի հասնել արդար կարգավորման բանակցություններում:
Մյուս կողմից Ռուսաստանը որպես գերիշխող տերություն եւ Մինսկի խմբի համանախագահ կարող էր ազդել երկու երկրների քաղաքականության վրա: Ռուսաստանը բոլորից շատ է օգուտ քաղում լուծում չգտնելուց, քանի որ ներկա իրավիճակը Հայաստանին եւ Ադրբեջանին տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականությունում ավելի կախյալ է դարձնում Ռուսաստանից: Այդ իմաստով, ղարաբաղյան փակուղու բանալին Ռուսաստանի ձեռքում է:
Այս բոլոր բարդությունների ֆոնին դժվար է պնդել, թե ղարաբաղյան հակամարտության իրական լուծումը քաղաքականության եւ դիվանագիտության հարթությունում է:

No comments: