Saturday, July 2, 2011

«The Armenian Weekly»: Ադրբեջանի անփառունակ ռազմատենչությունը

News.am. 2-7-2011- NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Նանոր Բարսումյանի հոդվածը` հրապարակված «The Armenian Weekly» պարբերականում:
Կազանի անարդյունք բանակցություններից երկու օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերսկսեց ռազմական հռետորությունը եւ խոստացավ վրեժխնդիր լինել Ղարաբաղում զոհված ադրբեջանցի զինվորների համար:
Ադրբեջանի անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ Ալիեւը դրվատանքի խոսքեր ուղղեց իր զինված ուժերին, թվարկեց գնած զինատեսակները եւ սպառնաց Ղարաբաղին ու Հայաստանին: Սոցիալական ծրագրերի հաշվին զինված ուժերի եւ սպառազինության հզորացումը Ալիեւի կառավարության գլխավոր նպատակն է:
Անցած ամիս «Նյու Յորք Թայմսը» նկարագրեց փախստականների կյանքի պայմաններն Ադրբեջանում: Նրանք ապրում են առանց պատշաճ օթեւանի եւ սանիտարական պայմանների: Կյանքից հիասթափված, նրանք հաճախ աջակցություն են փնտրում ռազմական կառույցներում. զինպատրաստության ճամբարներում նրանք ամենամեծ թիվն են կազմում: Սակայն Ալիեւի կառավարությունը նավթային եկամուտների զգալի մասն ուղղում է ռազմական ծախսերին:
Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հռետորությունը հաճախ լրացվում է ադրբեջանական լրատվամիջոցների հակահայկական քարոզչությամբ: Ռասիստական եւ խտրական վերաբերմունքը Հայաստանի եւ հայերի նկատմամբ այն աստիճան թունավոր է, որ Եվրոպայի Խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը մայիսի 31-ին դիտողությունների եւ հանձնարարականների ընդգրկուն փաստաթուղթ հղեց Ադրբեջանի կառավարությանը:
Ադրբեջանում վիրավորանք ու անպատվություն է ադրբեջանցուն «հայ» կոչելը: Հակահայկական նախապաշարումներն այնքան են արմատավորվել, որ նույնիսկ դատարանները կարող են անպատվողի դեմ հայցեր ընդունել: Թուրքիայում եւս որեւէ մեկին «հայ» անվանելը կարող է արժանանալ դատական հայցի:
Եվրոպական հանձնաժողովը մտահոգություն է հայտնում, որ այդպիսի դրվագները հոգեբանական հարված են Ադրբեջանում եւ Թուրքիայում բնակվող հայերի համար: Հանձնաժողովը նաեւ կասկածի տակ է դնում Ադրբեջանում բնակվող հայերի պաշտոնական թիվը: 1999թ. մարդահամարի տվյալներով, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնակվում է 700 հայ, թեեւ այժմ Ադրբեջանի կառավարությունը հայտարարում է, թե Ադրբեջանում 30 հազար հայ է ապրում:
Ադբեջանի կառավարությունը Եվրոպական հանձնաժողովի հորդորներին պատասխանեց ԶԼՄ-ների անկախ լինելու եւ մամուլի գործունեությանը չմիջամտելու փաստարկներով: Բացի այդ նրանք հայտարարում են, որ հակահայկական լուսաբանման բացասական հետեւանքների մասին փաստեր չկան, իսկ Ադրբեջանում ապրող հայերը բացասաբար են վերաբերվում Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի առաջնորդներին, այդ պատճառով էլ չեն լքել Ադրբեջանը եւ տեղափոխվել Հայաստան:

Ադրբեջանի կառավարության կարծիքով, ադրբեջանական ԶԼՄ-ների բացասական դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ բնական է եւ հասկանալի:
Թեեւ պաշտոնական Բաքում պնդում է, թե Ադրբեջանում գոյություն ունի մամուլի ազատություն, ԱՄՆ Պետդեպարտամենի 2010թ. զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի լրատվամիջոցները գտնվում են իշխանությունների հսկողության տակ, ինչի վկայությունն են նաեւ լրագրողների դեմ բռնությունները, նրանց ձերբակալությունները եւ նույնիսկ սպանությունները:
Ցավոք, ռասիզմն ու խտրականությունն ազգային արժեք դարձրած Ադրբեջանը իր ռեսուրսների մեծ մասն ուղղում է ռազմական հզորության մեծացմանը: Այդպիսի մթնոլորտում հնարավոր չէ վստահություն ներշնչել խաղաղության համար ընթացող բանակցություններում:

No comments: