Wednesday, July 27, 2011

ՌԻԿԱՐԴՈՆԵԻՆ ԿՀԱՐՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱԶԳ, 27-07-2011- Միացյալ Նահանգները կարող է վերջապես դեսպան ունենալ Թուրքիայում, որի թեկնածության հարցը քննարկվում ու քննարկվում է արդեն մի երկար ժամանակ: Մասնավորապես, Ամերիկայի հայկական համագումարի տեղեկացմամբ, օգոստոսի 2-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ կանցկացնիՙ հաստատելու Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրված Ֆրանսիս Ռիկարդոնեին:
Ռիկարդոնեի դիվանագիտական կարիերան ներառում է աշխատանքը որպես փոխդեսպան Աֆղանստանում, դեսպան Եգիպտոսում, նաեւ Ֆիլիպիններում եւ այլն: Ռիկարդոնեն նաեւ դիվանագիտական ծառայություն է իրականացրել հենց Թուրքիայում` 1995-1999 թթ. ծառայելով որպես առաքելության ղեկավարի տեղակալ, նաեւ որպես գործերի հավատարմատար:
Դեռեւս 2010-ի դեկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Օբաման նշանակեց Ռիկարդոնեին դեսպան Թուրքիայում, չնայած մինչ այդ գրեթե մեկ տարի ԱՄՆ Կոնգրեսը չէր հաստատում այդ թեկնածությունը: Օգտվելով Կոնգրեսի արձակուրդային վիճակից` Օբաման նշանակեց ոչ միայն Թուրքիայում ԱՄՆ դեսպանին, որի թեկնածության հաստատման հարցն էլ հենց կքննարկվի օգոստոսի 2-ին, այլեւ դեսպան նշանակվեց Հայաստանում:
Ամերիկայի հայկական համագումարը նաեւ հիշեցնում է իր հաղորդագրության մեջ, որ հուլիսի սկզբին Թուրքիա կատարած այցելությանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կրկին անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին, ընդգծելով Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու անհրաժեշտությունը: Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացնում է նաեւ, որ ընտրողների միջոցով Ռիկարդոնեին կտրվեն հարցեր Հայոց ցեղասպանության ու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման մասին:

No comments: