Monday, July 18, 2011

Ինտերնետը հետզհետե փոխում է մարդկային հիշողության բնույթը

Tert.am. 17-7-2011- Ինչպես ցույց են տալիս հոգեբանական փորձերը, հաղորդվող փաստերի շուրջ մարդկանց մտորումների դեպքում նրանք հակված են հիշել ոչ թե տեղեկատվության բովանդակությունը, այլ` թե որտեղ փնտրել այդ տեղեկատվությունը:
Բացի այդ, երբ փորձի մասնակիցներին դժվար հարցեր են ուղղվում, նրանք սկսում են մտածել համակարգիչների մասին, գրում է Science ամսագիրը:
Հետազոտության գլխավոր հեղինակ` Կոլումբիայի համալսարանից Բեթի Սթերոուի պնդման համաձայն` ինտերնետն իրենից ներկայացնում է յուրօրինակ տրանսակտիվ հիշողություն:
Տրանսակտիվ հիշողության գաղափարն սկզբում անհատի սեփական հիշողությանը զուգահեռ այլ մարդկանց մոտ «արտաքին պահեստների» առկայություն էր ենթադրում:
«Կան մարդիկ, որոնք արհեստավարժ են որոշակի ոլորտներում, և մենք թույլ ենք տալիս նրանց մնալ այդպիսին ` պատասխանատու դարձնելով կոնկրետ տեղեկատվության համար»,-ասում է Սթերոուն` կարծիք հայտնելով, որ համացանցը դարձել է այդօրինակ տրանսակտիվ հիշողության մի ձև:
Հետազոտության առաջին մասում գիտնականները փորձել են թեստի միջոցով պարզել, թե արդյոք մարդիկ կմտածեն համակարգչի և ինտերնետի մասին, եթե նրանց բարդ հարցեր ուղղվեն:
Մարդկանց սխալ կամ ճիշտ պատասխանի տարբերակով հարցեր են տրվել, և երբ նրանք չեն իմացել պատասխանը, ապա սկսել են մտածել, թե ինչպես այն ստուգել ինտերնետի միջոցով:
Փորձի երկրորդ հատվածում մասնակիցներին առաջարկել են մի շարք փաստեր, ընդ որում` մի մասին առաջարկվել է տեղեկությունները դասավորել «պանակներում», իսկ մյուս մասին ասվել, որ տեղեկությունն ստանալուց հետո հնարավոր չի լինի վերադառնալ ու վերհիշել. առաջին խումբը լավ չի հիշել տեղեկության բովանդակությունը:
«Դա ցույց է տալիս, որ մենք առցանց ձեռքբերվող տեղեկությունը փորձում ենք առցանց պահել` արտաքին կրիչի վրա»,-ասում է գիտնականը` միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ Google-ը ամենևին էլ չի բթացնում, այլ պարզապես «մենք փոխում ենք տարբեր բաներ հիշելու մեթոդը, քանի որ անգամ փողոցում քայլելիս ինչ-որ բան առցանց գտնելու դեպքում կարևոր է դառնում դրա մասին տեղեկությունը գտնելու ստույգ վայրը»:

No comments: