Thursday, July 14, 2011

Երեւանի ու Բաքվի “խաչն ու զրոն”

Հայկական մամուլում լայն արձագանք գտավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բացահայտումը, կապված այսպես կոչված մադրիդյան սկզբունքների լրացումների հետ: Ինչու էր Ալիեւը որոշել իր երկրի առաջ անկեղծանալ այդ լրացումների մասով: Այդ հարցի պատասխանը թերեւս ամփոփված է նրա հետեւյալ նախադասության մեջ, որ հնչել էր լրացված տարբերակի մանրամասները բարձրաձայնելուց հետո եւ այդ տարբերակի հանդեպ հայկական կողմի մերժման մասին հայտնելուց հետո. «Այդ իսկ պատճառով, մենք այժմ բախվում ենք նոր իրավիճակի»:
Այն, որ մադրիդյան սկզբունքներ կոչվածի լրամշակված տարբերակը հայկական կողմը մերժեց, դա նորություն չէ: 2010 թվականի հունվարի 25-ի Սոչիի եռակողմ հանդիպումից հետո համանախագահները հայտարարեցին, որ կողմերին երկու շաբաթ ժամանակ են տալիս ներկայացված առաջարկների մասին իրենց մոտեցումը հայտնելու համար: Ադրբեջանն անմիջապես ասաց, որ իր համար լրացումներն ընդունելի են, իսկ Հայաստանը հայտարարեց, որ մադրիդյան փաստաթղթի լրացումներ չի ընդունում եւ ճանաչում է միայն 2007 թվականի նոյեմբերի “օրիգինալ” տարբերակը:
Ինչու է Ալիեւը հիմա հանկարծ հիշել այդ լրացումները եւ ինչու է բացահայտում դրանց մանրամասները: Հնարավոր է արդյոք, որ ադրբեջանական կառավարող վերնախավում Ալիեւը ունենա բացատրությունների անհրաժեշտություն, այսինքն ստիպված լինի կարգավորման գործընթացի մասով հաշվետու լինել իր շրջապատի ինչ-ինչ մարդկանց: Հայաստանից դրան դժվար է հավատալ, քանի որ այստեղից Ալիեւի իշխանությունը պատկերանում է որպես բացարձակ մոնարխիա կամ սուլթանություն, որտեղ բոլորը նրա հպատակներն են:
Բայց, հնարավոր է, որ Ադրբեջանի իշխանությունը հեռվից` դրսից է այդպիսին երեւում, իսկ ներսում իրավիճակը բավական բարդ է եւ խաչաձեւվում են բավական շատ շահեր, որոնք Ալիեւը երբեմն ստիպված է հաշվի առնել: Ի վերջո, թեեւ Ադրբեջանը թողնում է սուլթանության կամ մոնարխիայի տպավորություն, որտեղ իշխողի ժառանգական իրավունքը ոչ ոք չի վիճարկում, այդուհանդերձ Ադրբեջանը որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ բոլորովին այլ կոնֆիգուրացիաների մեջ է, քան սուլթանատը կամ բացարձակ մոնարխիան: Խոսքը նաեւ Ադրբեջանի հանդեպ միջազգային կառույցների եւ գերտերությունների փոխհարաբերության համակարգի մասին է: Այդ ամենը իր ազդեցությունը կթողնի նաեւ Ադրբեջանի ներիշխանական բովանդակության եւ կառուցվածքի վրա, թեկուզ արտաքնապես չլինելով տեսանելի:
“Այդ իսկ պատճառով, մենք այժմ բախվում ենք նոր իրավիճակի” արտահայտությունն Ալիեւի խոսքի թերեւս առանցքային, ամենանշանակալի հատվածն է, ավելի կարեւոր եւ էական, քան լրացումների մանրամասների բացահայտումը, քանի որ Ալիեւն ինքն էլ խոստովանում է, որ բացահայտում է արդեն անցած-գնացած մանրամասներ:

Թե՞ դրանք ամենեւին էլ անցած գնացած չեն, այլ շարունակում են մնալ քննարկման սեղանին, իսկ Ալիեւն էլ փորձում է այսպես ասած հնացած ռեժիմով դրանք բացահայտել, տրամադրություններ շոշափելու համար, թե ինչպես կարձագանքեն այդ տարբերակին ադրբեջանցիները, եւ գուցե նաեւ հայաստանցիները: Չի բացառվում, որ բացահայտողի առաքելությունն Ալիեւի վրա Մինսկի խմբի համանախագահներն են դրել, տեսնելու համար, թե այսպես ասած լրացված տարբերակներն ինչ արձագանք կունենան հակամարտող կողմերի մոտ:

Սովորաբար, իհարկե, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կարծես թե նկատելի է մի օրինաչափություն: Եթե բանակցային օրակարգը գաղտնազերծվում է, այսինքն հայտնվում են մանրամասներ կողմերին ներկայացված կարգավորման տարբերակների վերաբերյալ, ուրեմն դրանք այլեւս դրվել են շրջանառությունից դուրս եւ իրական քննարկումներն արդեն այլ տարբերակի կամ տարբերակների շուրջ են: Հետաքրքրական է, որ Հայաստանում վերջերս մամուլի արտահոսքով բացահայտվեց այսպես ասած մադրիդյան “օրիգինալը”, իսկ Ալիեւն էլ հիմա բացահայտում է դրա լրացված տարբերակը:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը “խաչ եւ զրո” են սկսել խաղալ, եւ ով ավելի շատ բացահայտված տարբերակով լցնի իրականությունը, նա էլ կշահի:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
«Լրագիր» 14-7-2011»

No comments: