Wednesday, July 27, 2011

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ «ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ» Է ՏԵՍՆՈՒՄ

Որտեղ Իրանն ու Ռուսաստանը կպաշտպանեն Հայաստանին

«ԱԶԳ», 27-07-2011- Այս օրերին Ալթայում գտնվող ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ բավական բոցաշունչ ու միեւնույն ժամանակ ուշագրավ ելույթ է ունեցել, որտեղ մասնավորապես նշել է. «Երրորդ աշխարհամարտը սկսվել է եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը դրա հետ կապված է»: Իր այս տեսլականը Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատների առաջնորդը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Չնայած դեռ համաշխարհային պատերազմը Եվրոպայում չէ, սակայն սկսվել է դեռեւս 1991-ին, երբ 33 պետություն հարձակվեցին Իրաքի վրա: Հետո նրանք ռմբակոծեցին Հարավսլավիան, այնուհետեւ հարձակվեցին Աֆղանստանի վրա, ապա կրկին ռմբակոծեցին Իրաքը, այժմ` Հյուսիսային Աֆրիկան: Պատերազմը մեզ է մոտենում. Սիրիայի փախստականներն արդեն Թուրքիայում են: Եթե ինչ-որ իրարանցում լինի Թուրքիայում, ապա Ադրբեջանին կհրահրեն պատերազմ սկսել Հայաստանի դեմ` Լեռնային Ղարաբաղի «վիճարկելի տարածքի» (չակերտները մերն են-Հ. Ա.) համար: Այդ պարագայում Իրանը կպաշտպանի Հայաստանին, Թուրքիան` Ադրբեջանին: Ու այստեղ մենք եւս կպաշտպանենք Հայաստանին, քանի որ նրա պարտությունը մեզ ձեռնտու չէ. այնտեղ տեղակայված է մեր բազան», «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ` ասել է Ժիրինովսկին:
Որ Ժիրինովսկին հայտնի է իր անհավասարակշիռ պահվածքով ու հայտարարություններով, գաղտնիք չէ: Սակայն պետք չէ մոռանալ, որ նաՙ բացի քաղաքական գործիչ լինելուց, նաեւ պետական պաշտոնյա է, երկրի խորհրդարանի երկրորդ դեմքը: Իսկ նման մակարդակի պաշտոնյաները, մանավանդ Ռուսաստանի նման երկրներում, երբեք պատահական խոսքերով հայտարարություններ չեն անում: Եթե ընդունենք, որ «Երրորդ աշխարհամարտ»-ի սկսումը Ժիրինովսկուն բնորոշ հերթական հայտարարությունն է, իսկ աշխարհաքաղաքական իրողության նկարագրումը` հակաամերիկյան դիրքորոշման արտացոլանք, ապա այն, որ Հարավային Կովկասում հավանական ռազմական գործողությունների սկսման դեպքում Ռուսաստանն ու նաեւ Իրանը «պաշտպանելու են Հայաստանին», սա ուշագրավ մեսիջ է` առաջին մասնագիտությամբ արեւելագետ Ժիրինովսկուց:

No comments: