Wednesday, July 27, 2011

Հայերը` նոր համաշխարհային ռեկորդի հեղինակներ

Panorama.am. 26-7-2011- «Առաջին անգամ Հյուսիսային կիսագնդում հայ սուզորդների թիմը ուսումնասիրեց 3207 մ բարձրության վրա գտնվող Արագած լեռան Քարի լճի հատակը. մինչ այս նման փորձ իրականացրել էր Ժակ Իվ Կուստոյի թիմըч Հարավային կիսագնդի Տիտիկակա լճում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այաս ծովային հետազոտությունների ակումբի» նախագահ, Կիլիկիա նավի նավապետ Կարեն Բալայանը:
Նա նշեց, որ Հայաստանում գոյություն ունեն բազմաթիվ մեծ ու փոքր լճեր, որոնք դեռևս ուսումնասիրված չեն:
Իսկ էքսպեդիցիոն խմբի ղեկավար, սուզորդ Ռաֆայել Մկրտչյանն ընդգծեց, որ մինչ սուզումը` կանխատեսումներ անելը բարդ էր, որովհետև նման պայմաններում դայվինգը առավել վտանգավոր է դառնում սուզորդների համար` հաշվի առնելով լճի տեղադիրքի բարձրությունը, թթվածնի պակասությունը ցամաքում, ճնշումների կտրուկ տատանումը, քանի որ սուզման պահին ջրի ջերմաստիճանը ջրի մակերեսին +5 էր, իսկ հատակում +3:
Նա տեղեկացրեց, որ նման պայմաններում Այաս ակումբի դայվերները 1 ժամ 20 րոպե մնացին Քարի լճի հատակում, ստույգ ճշտեցին լճի խորությունը, բնակլիմայական վիճակը, ուսումնասիրեցին ողջ մակերեսը և հնարավոր վտանգների առկայությունը:
«Հայ էքստրիմ» արտակարգ իրավիճակներում աշխատող բժշկական թիմի ղեկավար Գևորգ Շահսուվարյանը նշեց, որ սուզորդները բժշկական ստուգման են ենթարկվել ոչ միայն սուզումից առաջ, այլև էքսպեդիցիայի իրականացումից հետո, և դա հնարավորություն է տվել գիտությանը ստույգ տեղեկություններ ստանալ, թե ինչ ֆիզիոլոգիական փոփոխություններ են կատարվում մարդու օրգանիզմում` տվյալ կրիտիկական պայմաններում աշխատելիս:
Գ. Շահսուվարյանի խոսքերով` սուզորդների շնորհիվ նաև գիտական տվյալներ ձեռք բերվեցին լճի բնակլիմայական վիճակի մասին և ճանապարհ բացվեց հետագա բոլոր հետազոտությունների համար, իսկ ամենակարևորը, որ իրենք առաջինն են և սա ևս մեկ հաղթանակ է Հայաստանի դրոշի ներքո:
Նշենք, Էքսպիդիցիոն թիմի անդամներն էին`թիմի ղեկավար`սուզորդ Ռաֆայել Մկրտչայնը, Այաս ակումբի նախագահ, Կիլիկիա նավի նավապետ`Կարեն Բալայանը, Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ջրասուզակների խմբի հրամանատար Արտակ Էլմասակյանը, «Հայ Էքսթրիմ» արտակարդ իրավիճակներում աշխատող բժշկական թիմը` Գևորգ Շահսուվարյանի ղեկավարությամբ:

No comments: