Thursday, July 14, 2011

Սաակաշվիլիին «գաղտնի հայ է». Եկեղեցին նրա հետ հաշտվեց, բայց ընդդիմությունը չի հաշտվում

Tert.am. 14-7-2011- Երեկ Թբիլիսիում կայացել է վրաց ուղղափառ եկեղեցու սրբազան սինոդը, որին մասնակցել են երկրի իշխող «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները, հաղորդում է Коммерсант-ը։
Նիստը փակ դռների հետևում է անցել, սակայն հայտնի է, որ Սաակաշվիլիի կուսակիցներին հաջողվել է համոզել հոգևորականներին, որ կրոնների կարգավիճակի մասին օրենքի ընդունումը չի սպառնում վրաց եկեղեցու ունեցվածքին։ Սինոդն իր հերթին հայտարարություն է ընդունել, հանգստության կոչ անելով հավատացյալներին, չնայած «անհանգստության համար առկա բավարար հիմքերին»։ Նաև իշխանություններին կոչ է արվել հետագայում եկեղեցու հետ համաձայնեցնել կրոնի հետ կապված հարցերը։
Սինոդը նաև «անհրաժեշտ է համարել այլ երկրների տարածքում վրաց եկեղեցու ճանաչման և ունեցվածքային խնդիրների շուրջ բանակցություններ սկսել»։ Համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել 3 կոմիտե, որոնցից մեկը զբաղվելու է Վրաստանի հարևան երկրներում վրացական եկեղեցու ճանաչման և ունեցվածքի պահպանման հարցերով։
Վրաց փորձագետների կարծիքով, եկեղեցին չի ցանկացել սրել իշխանությունների հետ առկա հակամարտությունը։
Իսկ ահա աշխարհիկ վրաց գործիչները նախագահին մեղադրել են հակավրացական քաղաքականություն վարելու մեջ։ slon.ru կայքը գրում է, որ Սաակաշվիլիին նույնիսկ մեղադրել են «գաղտնի հայ» լինելու մեջ։ Սակայն նա հավանաբար առաջնորդվում է երկրի մոդեռնիզացիան շարունակելու մղումով, հաշվի չառնելով խոչընդոտներն ու ռիսկերը, քանի որ հայտնի է, որ Վրաստանում Իլիա 2–րդի դեմ հակամարտելը քաղաքական գործիչների համար «մահացու» վտանգավոր է վերջինիս անբեկանելի հեղինակության պատճառով։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Սաակաշվիլին եկեղեցու հետ հակամարտության ընթացքում հիմնական հարվածն իր վրա է վերցրել, հակամարտության մեջ ներքաշվելուց զերծ պահելով իր ամենահավանական հետնորդին՝ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային։ Փորձագետների կարծիքով, սա վկայում է այն մասին, որ Սաակաշվիլին արդեն որոշել է հեռանալ 2013–ի նախագահական ընտրություններից հետո։

No comments: