Tuesday, July 26, 2011

Ջունգլի Հայաստան

«Լրագիր» 25-7-2011- Լատվիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է շաբաթ օրը անցկացված հանրաքվեի նախնական արդյունքը: Հանրաքվեի մասնակիցների 94 տոկոսը քվեարկել է Լատվիայի խորհրդարանը ցրելու օգտին: Այդ նախաձեռնությամբ հանդես էր եկել Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը, երբ երբ խորհրդարանը մերժել էր պատգամավոր ու խոշոր գործարար Այնըրս Շլեսերսի տանը խուզարկություն կատարելու մասին Լատվիայի Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության դիմումը: Այդ մերժումը խայտակառություն համարելով, Լատվիայի նախագահը հանդես էր եկել խորհրդարանը ցրելու նախաձեռնությամբ:
Խորհրդարանի լուծարումը բավական արդիական թեմա է Հայաստանի համար: Բանը միայն երկխոսությունը չէ, որի օրակարգում Հայ ազգային կոնգրեսը պնդում է արտահերթ ընտրության հարցը: Հայաստանում խորհրդարանն ընդհանրապես պետք է լուծարվի, որովհետեւ դրա կազմի առնվազն 70-80 տոկոսի բնակարանները թերեւս ենթակա են «հակակոռուպցիոն խուզարկության»: Եվ Հայաստանի իշխանությունը, որ իբր հայտարարում է կոռուպցիան չհանդուրժելու եւ դրա դեմ խստագույն պայքարի կամքի մասին /օրինակ, Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 20-ամյակին նվիրված արարողությանը/, պետք է առնվազն մի 70-80 անգամ խորհրդարան մտած լիներ այս կամ այն պատգամավորի տանը կամ օբյեկտում հակակոռուպցիոն խուզարկություն կատարելու համար:

Այդպես են պայքարում կոռուպցիայի դեմ, որ երբ խորհրդարանն էլ մերժում է “հանձնել յուրայինին”, պարզապես ցրում են խորհրդարանն ու ստանում հասարակության 94 տոկոսի աջակցությունը: Դա է արդիականացման, բարեփոխումների, մտածողության փոփոխության ուղին: Ու թերեւս դա է Հայաստանի եւ ասենք մերձբալթյան երկրների տարբերությունը, որոնք ռեալ քայլում են այդ ուղով արդեն երկար տարիներ, իսկ Հայաստանը միայն ռեալ խոսում է այդ ուղու մասին:
Բայց, Հայաստանում ոչ թե խորհրդարանը չի հանձնի “յուրայիններին”, այլ յուրայիններին չի հանձնի իշխանությունը` չէ որ խորհրդարանի 70-80 տոկոսը հենց իշխանության յուրայինն է` վարքի եւ որակի առումով, կամ իշխանությունն է այդ առումով խորհրդարանի 70-80 տոկոսի յուրայինը: Հետեւաբար, հակակոռուպցիոն որեւէ նախաձեռնություն խորհրդարան չի մտնի, որովհետեւ հետո այնտեղից ով գիտե ինչեր կարող են դուրս գալ եւ բումերանգի նման գնալ դեպի գործադիր իշխանությունը: “Մենք բոլորս նույն արյան ենք` դու, եւ ես”, ջունգլիում ասում էին Քիփլինգի հերոսները: Հայաստանն այդ առումով շատ քիչ բանով է տարբերվում ջունգլիից:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: