Saturday, July 2, 2011

ԼՂ հարցը ՄԱԿ տեղափոխելը չի խթանի այդ գործընթացին. ՄԱԿ–ում ՀՀ դեսպան

Tert.am. 1-7-2011- ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն «Արմենպրես» լրատվական գործակալության խնդրանքով անդրադարձել է
լրատվամիջոցներում տարածված այն լուրերին, որոնց համաձայն՝ ՄԱԿ-ում Հայաստանը դեմ է քվեարկել Վրաստանի բանաձևին, և որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում է ներառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին կետը:
Ստորև ներկայացնում ենք դեսպանի մեկնաբանությունը.
«2006թ.-ից ի վեր Գլխավոր ասամբլեայի օրակարգ է մտել «ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձգված հակամարտությունները և դրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգություն ու ցարգացման վրա», իսկ դրանից առաջ նաև Ադրբեջանի տարածքներում իրավիճակի մասին կետերը, որոնց ներառման հարցում, ինչպես Հայաստանը, այնպես էլ ՄԱԿ-ի անդամ այլ երկրները դեմ են եղել ի սկզբանե:
ԳԱ-ի օրակարգում այդ երկու կետերը ներառելու մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք համարում ենք, որ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ԼՂ հիմնահարցի դեպքում նաև միջազգային այլ կազմակերպության շրջանակում, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, տարվում են համապարփակ կարգավորմանն ուղղված կարևորագույն բանակցային գործընթացներ և այդ հարցերը ՄԱԿ տեղափոխելը, այսինքն դրանք Գլխավոր ասամբլեայի օրակարգում ներառելը չի կարող խթանել այդ գործընթացները, այլ ընդհակառակը, կշարունակի խոչնդոտել բանակցությունների ընթացքը կողմերի և միջնորդների միջև:
Ավելին, միջազգային խաղաղության ու անվտանգություն համատեքստում
այդ կետերը ՄԱԿ-ի համար առաջնային կամ հրատապ չեն կարող հանդիսանալ, համեմատած այն ճգնաժամային դեպքերի ու խնդիրների հետ, որոնք առկա են աշխարհի տարբեր մասերում և որոնց շուրջ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում ՄԱԿ-ի հիմնական մարմիններում այդ թվում Գլխավոր ասամբլեայում, Անվտանգության խորհրդում կամ ասենք Արդարադատության միջազգային դատարանում: Այլ բան է, որ Ադրբեջանը ռազմատենչ, պատերազմ ու ագրեսիա սանձազերծելու իր շարունակական հայտարարություններով և սադրիչ գործողություններով փորձում է միջազգային կառույցներում, այդ թվում ՄԱԿ-ում ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության սպառնալիքի պատկեր՝ դրանով իսկ վտանգելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից իրականացվող միջնորդական ջանքերը:
Օրակարգի այս կետերն ամեն տարի փոխանցվում են ԳԱ-ի հաջորդ նստաշրջան՝ կոնսենսուսային որոշմամբ: Այդպիսի որոշում դեռեւս չի կայացվել, ինչպես որ այդ մասին գրում են լրատվամիջոցները: Իսկ եթե այդ ուղղությամբ լինեն քննարկումներ, ապա, վերը բերված պատճառաբանությամբ, Հայաստանը չի միանա կոնսենսուսային որոշմանը: Ավելին, մենք դեմ ենք այդ կետերով ներկայացված բանաձևերին և առաջարկներին, որի համար էլ երեկ Վրաստանի կողմից ներկայացրած՝ Աբխազիայից և Հարավային Օսեթիայից փախստականների ու ներքին տեղահանվածների կարգավիճակ մասին բանաձեւին Հայաստանը «դեմ» է քվեարկել»։

No comments: