Saturday, July 2, 2011

«ՄՈՒԹԱՖՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՆՄԱՆ ՎԱԽԻ ԵՎ ՍԱՐՍԱՓԻ ԶՈՀՆ Է ԴԱՐՁԵԼ»

Հայտարարում է հայտնի թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն

«ԱԶԳ» 22, 02-07-2011- Ռագըփ Զարաքոլուն մեր հասարակությանը քաջ հայտնի թուրք մտավորականներից է: Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին հրապարակավ առաջինը արտահայտվողների շարքում առանցքային տեղ ունի: Նա ոչ միայն թարգմանաբար հրատարակել է ցեղասպանության մասին հայաստանյան, սփյուռքահայ եւ օտարերկրացի գործիչների բազմաթիվ աշխատություններ, այլեւ կատարել է թուրքական ժխտողականության խորքային արմատների, Քեմալ Աթաթուրքի մերձակա շրջապատի հայասպան դիմագծի, հայերի բնաջնջումից հետո օսմանյան Թուրքիայի հայկական վիլայեթներում տեղի ունեցած տնտեսական եւ մշակութային կտրուկ անկման մասին հանդուգն ուսումնասիրություններ: Նա Հայոց ցեղասպանությունը առաջինն է դիտարկել որպես ազգերի ինքնորոշման իրավունքի խափանման միջոց, համարելով մարդու իրավունքների ոտնահարման առավելագույն դրսեւորումը մեր ժամանակների հասկացողությամբ:

Հունիսի 28-ին «Էվրենսել» թերթում լույս է տեսել նրա Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի առողջական անմխիթար վիճակին նվիրված բավականին զգացմունքային ու հուզումնալից հոդվածը, որը կրում է «Կոմիտասի երկրորդ դեպքը» վերնագիրը: Ահա թե ինչ է գրում.«Սիրելի եւ մեծապատիվ Մեսրոպ Բ պատրիարքի միջադեպը, իմ խորին համոզմամբ, Կոմիտաս վարդապետի երկրորդ դեպքն է, որին հայ ժողովուրդը ականատես է լինում երկրորդ անգամ: Եվ Կոմիտաս վարդապետը, եւ Մութաֆյան պատրիարքը վախի ու սարսափի զոհերն են: Նրանք իրենց մարմնով եւ հոգով են վճարել այն սպառնալիքների դիմաց, որոնց թիրախն էր դարձել հարազատ համայնքը: Դրա պատասխանատուն այդ նույն վերնախավն է եւ միեւնույն մտայնությունըՙ իթթիհատականությունն ու նոր իթթիհատականությունը: Հակառակ պետական խոչընդոտների, Մութաֆյանի ընտրությունը խոսում էր համայնքի արժանապատիվ կեցվածքի եւ միասնականության մասին:
«Սարսափի տարի» կոչվող 1993-ից հետո Թուրքիան ապրեց իրար հաջորդող «մութ» ժամանակաշրջաններ: «Միսիոներական» գործունեության մեջ մեղադրվող քրիստոնեությունը վերստին ընկալվեց որպես ազգային անվտանգության սպառնալիք: Երկրում հատկապես 2003-ից հետո ակտիվացող «Էրգենեքոնի» նշանառության թիրախ են դարձել նաեւ քրիստոնյա հոգեւորականները: Այդ ընթացքում աներեւակայելի եւ հարաճուն սպառնալիքների ենթարկվեց Մեսրոպ Բ-ի ներկայացրած պատրիարքարանը: Զուգահեռ դրան, պետությունը ստիպեց պատրիարքին, որ հակադրվի սփյուռքահայերին: Ավելին, դրա անհրաժեշտությունը հիմնավորելու համար օգտագործվեց «դա նպատակահարմար է ձեր համայնքի անվտանգության առումով» արտահայտությունը:

Չեմ կարողանում մոռանալ 2005-ին Կեսարիայում հայկական թեմայով կազմակերպված կոնֆերանսի խմբակային լուսանկարում Մեսրոպ Բ-ի դեմքի տխուր արտահայտությունը:

Նրա հոգին վիրավորվեց նաեւ այդ տարիներին, երբ սփյուռքահայերը Ամերիկայում, ուր նա մեկնել էր պետության պարտադրանքով, հակազդեցությամբ դիմավորեցին նրան:

Հարցազրույցներից մեկում Մեսրոպ Բ-ն ասում էր. «Եկել է Հայաստանի եւ Սփյուռքի հետ հարաբերությունները զարգացնելու ժամանակը: Պետք է լրագրողների, գիտնականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գիտնականների փոխադարձ այցեր կազմակերպել, որպեսզի վերականգնվի փոխվստահությունը: Միաժամանակ կցանկանայի Թուրքիայի ազգային մեծ ժողովում տեսնել թուրքահայության ներկայացուցիչներին: Հայկական ծագումով պատգամավորներ կան Ռումինիայում, նույնիսկ արմատական Իրանի իսլամական հանրապետությունում»:

Սակայն Թուրքիայում ծրագրվում էր քաոսային իրավիճակ ստեղծել, որի առանցքում հայտնվեց նաեւ Մեսրոպ Բ-ն: Պատրիարքարանը, հայկական վարժարաններն ու հաստատությունները հայտնվել էին սպառնալիքների, վիրավորանքների, տեղատարափի տակ, իսկ նա դարձել էր իր գառնուկների հոգսերով ապրող հովիվ: Իսկույն քննադատության ենթարկվեց, նույնիսկ նշվեց նրան հաշտվող մեկ այլ պատրիարքի հետ փոխարինելու անհրաժեշտության մասին: Եվ «Էրգենեքոնի» ահաբեկչությունը ինչպես Հրանտ Դինքի, այնպես էլ Մեսրոպ պատրիարքի պարագայում հասավ նպատակին: Թեեւ նրա մարմինը չոչնչացվեց, սակայն հոգին անբուժելի վիրավորեցին: Ինձ համար Մեսրոպ Բ-ն էլ նախապես ծրագրված ահաբեկչության զոհն է: Նա առաջին լուրջ հարվածը ստացավ Հրանտ Դինքի հուղարկավորությունը ղեկավարելիս:

Նրա վատառողջության պատճառով համայնքը մատնվեց լիակատար մասնատման: Նախաձեռնությունն անցավ պետության ձեռքը, պետությանն ի՞նչ, թող հայերն իրար միս ուտեն, ավելի լավ: Կարծես փակուղուց դուրս գալու համար սպասում են, որ Մեսրոպ Բ-ն մահանա: Ստեղծված իրավիճակը ինձՙ որպես համայնքի ջերմ ու անկեղծ բարեկամի, խորապես վշտացնում է»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: