Saturday, July 16, 2011

Հայաստանին պետք է նոր վերնախավ

Եթե համեմատվես հետամնացների հետ, միշտ կմնաս հետամնաց պետություն, Lragir.am-ին տված հարցազրույցում ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագիտության թեկնածու Արա Նռանյանը
-Նախ կխնդրեի մեկնաբանել միջազգային հեղինակավոր «Ֆորբս» ամսագրի հրապարակած տվյալները, թե Հայաստանն իր վատագույն տնտեսությամբ երկրորդն է աշխարհում: Որքանով էր այդ գնահատականն իրատեսական:
-Որքան էլ քննադատենք մեր տնտեսական վիճակը եւ մեր երկրի կառավարության տնտեսական քաղաքականությունը, պետք է հաստատել, որ Հայաստանը ոչ երկրորդ, ոչ էլ տասներորդ վատագույն տնտեսությունը ունեցող երկիրն է: Աշխարհում կան տասնյակ երկրներ, որոնք ոչ միայն ունեն վատ տնտեսություն, այլ նույնիսկ կարելի է ասել` ընդհանրապես տնտեսություն չունեն: Հետեւաբար, բոլոր նրանք, ովքեր համաձայնվում են “Ֆորբսի” հետ, կամ լավատեղյակ չեն, կամ փորձում են շահարկել այս իրավիճակը: Սխալ է նաեւ մյուս ծայրահեղությունը: Ընդունելի չեն այն պնդումները, որ երկրում ամեն ինչ լավ է եւ այս հոդվածով մեզ պարզապես փորձում են վարկաբեկել: Հայաստանի տնտեսությունը ունի լուրջ խնդիրներ եւ ճգնաժամի տարիներին արձանագրեց խորը անկում: Նույնիսկ այսօր մենք դուրս չենք եկել ճգնաժամից եւ դեռեւս չենք ձեւավորել տնտեսական աճի նոր աղբյուրներ: Եվ եթե “Ֆորբսի” աղյուսակը կոչվեր “Ճգնաժամի արդյունքում խորը անկում ապրած տնտեսություններ”, գուցե կարելի էր համաձայնվել:

Ի դեպ, “Ֆորբսի” մասին: Այն սիրում է կազմել տարբեր վարկանիշային աղյուսակներ` լուրջ եւ անլուրջ, մարդկանց եւ երկրների, ապրանքանիշների եւ նախասիրությունների: Եվ “Ֆորբսի” հոդվածի շուրջ այսքան աղմուկ չէր լինի, եթե ժամանակին կառավարությունը ոգեւորությամբ չփորձեր ժողովրդին նմանատիպ աղյուսակներով համոզել, որ Հայաստանը ունի հզոր տնտեսություն:
Այս տարիներին իրական տնտեսական քաղաքականությունը փոխարինվեց իմիտացիոն գործընթացներով: Թեեւ քաղաքացիները տեսնում են երկրում բազմաթիվ խնդիրներ, թեեւ հազարավոր մարդիկ կյանքի ծանր պայմաններից ելնելով բռնում են արտագաղթի ճանապարհը, մեզ համոզում են, որ Հայաստանի տնտեսությունը եւ կառավարության տնտեսական քաղաքականությունը արժանանաում է ամենաբարձր գնահատականների: Եվ ահա մի օտարալեզու հանդես ասեց հակառակը:
Ինչ վերաբերում է մեր իրական տեղին աշխարհում: Ես չեմ ուզում, որ Հայաստանը համեմատեն հետամնաց երկրների հետ: Այսօր Հայաստանը հետամնաց երկրի տնտեսության մոդելով է առաջնորդվում` արտահանում ենք հումք, աշխատուժ, շուտով նաեւ դրամ (կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում), իսկ ներմուծում ենք պատրաստի արտադրանք: Եվ այս հոդվածի մեզ համար ամենավատ հետեւանքն այն է, որ արդեն նաեւ դրսում մեզ դիտարկում են հետամնաց եւ չկայացած պետությունների շարքում: Իսկ այստեղ իսկապես Հայաստանը իր մեղքն ունի: Այո, եթե համեմատենք Հայաստանը աշխարհի բոլոր երկրների հետ, ապա մենք կզբաղեցնենք զարգացվածության աստիճանով միջին տեղեր, սակայն բավական է ցանկից հանել այն երկրներին, որոնց հետ համեմատելը անհեռանկարային է եւ փակուղային` պետականության կայացման ու հզորացման տեսանկյունից, իսկ ցանկում թողնենք կայացած պետություններին, ապա կտեսնենք, որ կայացած պետությունների շարքում մենք կզբաղեցնենք վերջին տեղերը:
Նույնը վերաբերում է Հարավային Կովկասի երկրներին իրար հետ համեմատելուն, ինչը խրախուսվում է, օրինակ, Եվրոմիության կողմից: Եթե Հայաստանը համեմատես Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, ապա միշտ կմնաս այս երեք երկրների միջինացված մակարդակին: Այսպիսի մոտեցումը չի կարող թռիչքային զարգացում ապահովել մեր երկրի համար, չի կարող Հայաստանը դարձնել մեր ազգի պատկերացրած պետությունը: Հարկավոր է ունենալ բարձր նշաձող եւ դրան հասնելու համառություն ու վճռականություն: Եթե համեմատվես հետամնացների հետ, միշտ կմնաս հետամնաց պետություն:
Իսկ եթե մենք ուզում ենք, որ մեզ չհամարեն հետամնաց պետություն, ապա պետք է վարենք բոլորովին այլ տնտեսական քաղաքականություն, այլ արտաքին քաղաքականություն, եւ պատրաստ լինենք կատարել իրական ժողովրդավարական բարեփոխումներ:
Իմիտացիոն գործընթացներով երկար չես խաբի ոչ սեփական ժողովրդին, ոչ էլ ամբողջ աշխարհին:

-Ինչպես կմեկնաբանեք իշխանությունների արձագանքները. Համարժե՞ք էին ստեղծված իրավիճակին, թե ոչ:
-Սա անակնկալ էր իշխանությունների համար: Նրանք չէին սպասում նման գնահատականի: Եվ թեեւ տնտեսագիտական հիմնավորումների մակարդակով կարծես թե պարզաբանումներ եղան (խոսքը ֆինանսների նախարարության պարզաբանման մասին է), հասարակական ընկալման մասով կարծես թե հարցեր մնացին: Հայաստանի քաղաքացիները բոլորովին էլ չեն ցանկանում ունենալ աշխարհի վատագույն տնտեսությունը ունեցող երկիրը, սակայն դժգոհ լինելով իրենց կյանքից եւ սոցիալական վիճակից, պատրաստ են ընդունել նաեւ այդպիսի ծայրահեղ գնահատական: Եթե կառավարությունը ցանկանա պարզապես համոզել հասարակությանը, որ այդպիսի գնահատականները տեղին չեն, ապա պարզապես զբաղվելու է հերթական ձեւական քայլերով: Լավագույն լուծումը կլինի իրական քայլերի իրականացումը, որոնք վստահություն կներշնչեն մեր քաղաքացիներին` հավատ ու վստահություն նախ եւ առաջ սեփական պետության նկատմամբ: Այդ դեպքում մեր երկրի հեղինակության վարկանիշին հասցված հարվածը շատ ավելի հեշտ եւ հստակ պատասխան կստանա:

-Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, չի կարեւորում այդ հրապարակումները, ԵՊՀ-ում նա նույնիսկ հայտարարեց. “Ճիշտ կլինի, որ այսպես բուռն քննարկենք պրոֆեսիոնալ կազմակերպությունների պրոֆեսիոնալ վարկանիշները”:
-Պետք չէ մի ծուղակից դուրս գալ նոր ծուղակի մեջ ընկնելու համար: Ես առաջարկում եմ ոչ թե քննարկենք այլ պրոֆեսիոնալ կառույցների գնահատականները, այլ քննարկենք մեր կառավարության տնտեսական քաղաքականությունը եւ դրա արդյունքները: Մենք ունենք իրական կյանք, իրական հոգսեր եւ իրական խնդիրներ: Եթե դրանք լուծվեն եւ արտագաղթի փոխարեն լինի ներգաղթ, ստեղծվեն աշխատատեղեր եւ բարձրանա կենսամակարդակը, ապա ոչ ոք չի քննարկի այդ կազմակերպությունների գնահատականը: Իսկ եթե քաղաքացիների կյանքը վատանա, նրանց դժվար կլինի խաբել պրոֆեսիոնալ կազմակերպությունների կողմից տրված բարձր վարկանիշերով:

-Ի վերջո, կարո՞ղ է սա լրացուցիչ հիմք հանդիսանալ, որ ՀՅԴ-ն ուժեղացնի իր ճնշումները կառավարության վրա ու սեպտեմբերին կրկին հանդես գա կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջով:
-Այն, որ այս հոդվածով հարված հասցվեց մեր երկրի հեղինակությանը, որեւէ կասկած չկա: Նմանատիպ ցանկում հայտնված պետությունը չի կարող գրավիչ լինել ներդրումների եւ գործարարությամբ զբաղվելու համար: Նմանատիպ երկրի տնտեսվարողները չեն կարող դիտարկվել վստահելի գործընկեր, իսկ այդպիսի գնահատական ունեցող երկրի արտաքին քաղաքականությունը խնդիրներ կունենա արժանապատվորեն ներկայանալու համար:

Մեր հաստատումները մնում են նույնը` Հայաստանին պետք է զարգացման նոր ռազմավարություն` բոլորովին այլ աշխարհայացքով ու մտածելակերպով, այլ քաղաքական համակարգով եւ տնտեսական քաղաքականությամբ: Հարկավոր է նոր գաղափարախոսությամբ նոր վերնախավ եւ նոր իշխանություն: Մեր այս մոտեցումը ոչ միայն չի փոխվել, այլ նաեւ ստացել է բազմաթիվ հիմնավորումներ: Հայաստանի հզորացման ուղին այլ այլընտրանք չունի:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Լրագիր» 15-7-2011

No comments: