Saturday, July 16, 2011

«3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ 2014-ԻՑ ԿՏՐՎԻ 1 ՄԼՆ ԴՐԱՄ»

«ԱԶԳ», 15-07-2011-Ֆինանսների փոխնախարարն անդրադարձավ միջնաժամկետ ծախսային ծրագրի մանրամասներին
2012-2014 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի ուղղություններին եւ բնակչությանն առավել հետաքրքրող մանրամասներին տեղեկանալու նպատակով հարցազրույցի հրավիրեցինք ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին:

- Պրն Սաֆարյան, կառավարությունը հասատատեց մեր երկրի կարեւոր ֆինանսական փաստաթղթերից մեկըՙ 2012-2014 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը: Կներկայացնե՞ք նրա հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
- Միջնաժամկետ ծախսային ծրագիրը օրենքով սահմանված նորմ է, որը բավականին հեշտացնում է բյուջետային ծրագրման գործընթացը: Այն Ազգային ժողովում հաստատվելուց անմիջապես հետո սկսվելու է 2012-ի բյուջեի նախագծի կազմումը, որը հիմվելու է միջնաժամկետի ծրագրի ուղղությունների վրա: Ըստ 2012-2014 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը նախատեսված է 2012-ինՙ 4,2 տոկոս, 2013-ինՙ 4,5 տոկոս, 2014-ինՙ 4,8 տոկոս: Ծրագրով նախատեսվում է ՀՆԱ-հարկեր հարաբերակցության տարեկան 0,3-0,4 տոկոսով բարձրացում: 2011-ի համար դա 17,3 տոկոս ենք հաստատել, բայց եթե տնտեսական աճն ավելի լինի, ապա, ըստ մեր վերլուծությունների, այս ցուցանիշը կարող է լինել 16,7-16,8 տոկոս: Այսինքն, այդ 0,3-0,4 տոկոսով աճը 16,7 տոկոսի նկատմամբ ենք ավելացրել: Հետեւաբար, հաջորդ տարի հարկային եկամուտները պետք է ավելալան մոտ 66 մլրդ դրամով, ՀՆԱ-ի նկատմամբ կազմելով 17 տոկոս, իսկ 2013-ինՙ 17,4 տոկոս եւ 2014-ինՙ 17,7 տոկոս: Սոցիալական վճարների հավաքումը եկող տարի պետք է ավելանա ՀՆԱ-ի 0,1 տոկոսի չափով եւ կազմի 3,4 տոկոս:
Սակայն պետեկամուտների կոմիտեն հիմնավորումներ է բերում, որ այս ցուցանիշն ապահովելը բավականին բարդ է: Այդ 0,1 տոկոսը մոտ 18 մլրդ դրամ է, որի հավաքելը կախված է աշխատավարձերի բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման հետ: Պայմանավորվածություն կա, որ այս հարցին մեկ անգամ եւս պետք է անդրադառնանք բյուջեի մշակման փուլում:

- Սրանք եկամուտներն էին, իսկ ինչպե՞ս են դրանք ծախսվելու առաջիկա 3 տարիներին:
- Բնական է, որ ծախսերը կատարվում են ըստ հավաքված եկամուտների: Յուրաքանչյուր տարի նախատեսվող ծախսերից խնայողություններն ու լրացուցիչ եկամուտներն ուղղվում են ըստ առաջնահերթությունների: 2012-ի համար այդ գումարը 19 մլրդ դրամ է, 2013-ին նախատեսվում է 62 մլրդ դրամ, 2014-ի համարՙ 128 մլրդ դրամ: Այս 128 մլրդ դրամը մեզ համար առաջնային է, քանի որ դրա միջոցով պետք է իրականացվեն այն ծրագրերը, որոնք նախագահի նախընտրական ծրագրի հիմքում են դրված: Դրանք պետք է իրագործվեին ավելի վաղ, բայց ֆինանսական ճգնաժամի պատճառով մոտ 2 տարով հետաձգվեցին:
Այպիսով, 2012-ին լրացուցիչ 19 մլրդ դրամից 1,5 մլրդ դրամն ուղղվելու է կրթությանը, 1,3 մլրդ դրամըՙ ԱԺ ընտրությունների ծախսերին, 1,3 մլրդ դրամըՙ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ծախսերին, 2,5 մլրդ դրամըՙ տարբեր ծրագրերին կառավարության համաֆինանսավորմանը, ինչպես նաեւ պաշտպանությանը եւ այլ ծրագրերի:

- Ինչպե՞ս են փոխվելու աշխատավարձերը, նպաստներն ու կենսաթոշակները 2012-2014 թթ.-ին:
- Սկսենք նվազագույն աշխատավարձի չափիցՙ 2012-ին լինելու է 32500 դրամ, 2013-ինՙ 35 հազար դրամ, 2014-ինՙ 45 հազար դրամ: Պետական կառավարման մարմինների աշխատողների միջին աշխատավարձը 2012-ին կդառնա 159 հազար դրամ, 2013-ինՙ 185 հազար դրամ, 2014-ինՙ 208 հազար դրամ: Քաղծառայողների բազային աշխատավարձըՙ 2012-ին 44 հազար դրամից 2014-ին կդառնա 52800 դրամ:
Կրթության ոլորտում աշխատավարձերը նույնպես աճի դինամիկա կունենան: Ներկայիս 117 հազար դրամից 2013-2014-ինՙ 127 հազար դրամ: Այստեղ պետք է նշել, որ միջին աշխատավարձի ցուցանիշի վրա ազդելու է ավագ դպրոցներում ավելի բարձր աշխատավարձերի սահմանումը: Գիտության ոլորտին տրված գումարներով միջին աշխատավարձն այսօրվա 55 հազար դրամի դիմաց 2014-ին կդառնա 67 հազար դրամ: Առողջապահության ոլորտում 1 հիվանդի բուժման միջին գինը 100 հազար դրամ է: Այստեղ աշխատավարձերի մասին չեմ խոսում, քանի որ գումարը տալիս ենք առողջապահական հաստատությանը, որին ավելանում են համավճարը եւ այլն:
Նպաստների չափի վերաբերյալ: Հաշվարկներն արվում են 2014-ին 104-105 հազար նպաստառու ընտանիքների համար, այնքան, որքան հիմա է: Նպաստի միջին ամսական չափն այսօր 26800 դրամ է: 2012-ին դա պահպանվելու է, բայց 2013-ին կդառնա 31 հազար դրամ, 2014-ինՙ 33400 դրամ: Ծրագրված է նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում: Դարձյալ նախագահի նախընտրական ծրագրում կար, որ 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան դեպքումՙ 1 մլն դրամ պետք է տրվի, 5-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքումՙ 1,5 մլն դրամ: Այս ծրագիրը կսկսի իրագործվել 2014-ից:
Կենսաթոշակի միջին չափը 28350 դրամ է, որը հաջորդ տարի պահպանվելու է, իսկ 2013-ին բարձրանալու էՙ կազմելով 30870 դրամ, 2014-ինՙ 39500 դրամ: Ասեմ, որ այս 9 հազար դրամի բարձրացումը 2013-ին բյուջեից պահանջել է 28 մլրդ դրամ: Մենք ունենք 464 հազար կենսաթոշակառուներ:

- Դուք իրատեսակա՞ն եք համարում միջնաժամկետ ծախսային ծրագիրը:
- Աշխատել ենք ունենալ չափից ավելի իրատեսական եւ անգամ մի քիչ էլ հոռետեսական սցենար: Սա այն նվազագույնն է, որ վստահ եմՙ կկատարվի: Իհարկե, եթե չլինեն արտասովոր իրադարձություններՙ ֆինանսատնտեսական ճգնաժամ եւ այլն:

No comments: