Tuesday, July 26, 2011

Նորվեգիայի ու Ղարաբաղի մոնոէթնիկությունը

«Լրագիր» 25-7-2011-Նորվեգիայի ողբերգական իրադարձությունների ֆոնին ղարաբաղյան կարգավորումը ձեռք է բերում քիչ ինչ այլ հնչերանգ:
Ի նշան բազմամշակութայնության քաղաքականության դեմ բողոքի տասնյակ մարդկանց գնդակահարությունը կցնցի Եվրոպան` կհնչեն թե հավանություն տվող (ահաբեկչին իրենց աջակցությունն են հայտնել Մերձբալթյան երկրների ազգայնականները), թե դատապարտող կարծիքներ: Սակայն, ակնհայտ է, որ ահաբեկչի` Բրեյվիկի հայտարարությունները Թուրքիայի մասին, եւ այն մասին, որ անթույլատրելի է Արեւելքի էքսպանսիան Եվրոպա, շատերին կստիպեն հոգու խորքում մտածել, ասենք, այն մասին, թե արդյոք մոնոէթնիկությունը փրկություն է մշակությանին էքսպանսիայից, որտեղո՞վ է անցնում ժողովրդավարական հանդուրժողության եւ մշակութային անվտանգության սահմանը:
Մի քանի տարի առաջ Հայաստան էին ժամանել նորվեգացի հետազոտողներ, ովքեր գիրք էին պատրաստում Ղարաբաղի մասին: Ես հանդիպել եմ նրանց հետ, եւ նրանք ողջ ժամանակ հարցնում էին, թե ինչու հայերը չեն ցանկանում, որպեսզի Ղարաբաղ վերադառնան ադրբեջանցի փախստականները: Ես փորձում էի բացատրել, որ ղարաբաղյան հակամարտությունը սկսեց, երբ ժողովրդագրական էքսպանսիան հասավ կրիտիկական կետի, եւ էքսպանսիոն տրամադրությամբ փախստականների վերադարձը ամեն ինչ կվերադարձնի նույն կետին: Սակայն, չէ՞ որ մոնոէթնիկությունը հարիր չէ ժողովրդավարական երկրին, ասացին նորվեգացի պրոֆեսորները: Ի պատասխան, ես ինտերնետում գտա եւ նրանց ցույց տվեցի տվյալը, ըստ որի Նորվեգիան 99 տոկոսով մոնոէթնիկ է: Այս փաստարկին նրանք չկարողացան պատասխանել:
Ոմանք սա անվանում են երկակի ստանդարտ` երբ սեփական երկրում եվրոպացիները վարում են կոշտ միգրացիոն եւ մշակութային քաղաքականություն, հաստատելով էթնիկական քվոտաներ, իսկ այլ երկրում քարոզում են ընդդեմ մոնոէթնիկության: Դա նշանակում է, որ եվրոպացիները մինչ այժմ չեն մշակել միասնական մոտեցումներ, հարեւանների էքսպանսիոնիզմի մակարդակի հետ կապված սեփական անվտանգության գնահատականների սանդղակ:
Այս ֆոնին, եվրոպական գործիչների փորձերը` արագացնելու ղարաբաղյան կարգավորումը, որը ներառում է ադրբեջանցի փախստականների վերադարձըմ ոչ միայն ստանդարտների, այլեւ ողջախոհության բացակայության վառ արտահայտություն է: Հարցը նույնիսկ Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը չէ, որին մղում են դեպի էքսպանսիոնիստական նպատակները չթաքցնող հարեւանի գիրկը, այլ` հենց Եվրոպայի անվտանգության խնդիրը:
Ինչպե՞ս է Եվրոպան մտադիր լուծել “օտար տարրերի” խնդիրը, որոնք հավակնում են արդեն ոչ թե իրավահավասարության, այլ` գերակայելուն: Քանակական ու ժամանակային իմաստով “ժողովուրդների խառնվելը” այնքան խորն է գնացել, որ դժվար է տարբերություն գտնել: Մնում է երկու ճանապարհ` կամ զարգացնել ներգաղթյալների հայրենի երկրներն այն աստիճան, որ մարդիկ չուզենան հեռանալ, կամ թուլացնել այդ երկրներն այնպես, որ եվրոպական ներգաղթյալներն իրենց թիկունքին չզգան իրենց հայրենի երկրների հզոր պետական աջակցությունը: Առաջին ճանապարհը Եվրոպան արդեն անցել է ու հասկացել դրա անիմաստ լինելը: Արդյոք մնում է միայն երկրորդ ճանապարհը:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: