Saturday, July 30, 2011

Եկեղեցին տիպիկ օլիգարխ է

Մեր զրուցակիցն է թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանը

-Արա, վերջին շրջանում հասարակությունը կարծես ավելի զգայում է դարձել եկեղեցականների քայլերի, կատարած արտահայտությունների հանդեպ: Առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սկսեցին պահանջել կաթողիկոսի հրաժարականը: Ինչի՞ արդյունք է սա. եկեղեցու ճգնաժամի՞, թե՞ հասարակության մեջ տեղի ունեցող զարգացումները նոր մարտահրավեր են ճգնաժամի մեջ գտնվող եկեղեցու համար:
-Մենք պարբերաբար խոսում ենք սահմանադրական հեղափոխության մասին: Սահմանադրական հեղափոխությունը մարդկանց մտքի փոփոխությունն է, երբ սկսում են շուրջը նայել ու տարբերակել, թե ինչպես է գործում ժամանակակից հասարակությունը, և որ օղակները մեզ մոտ չեն գործում: Եկեղեցու ճգնաժամը աշխարհում տեղի ունեցավ 19-րդ դարի սկզբում, և որոշումներ ընդունվեցին եկեղեցու և պետականության տարանջատման, այդ երկուսի գործառույթների հստակեցման և ճշգրտման, ըստ որի`եկեղեցին կրոնական համայնք է, այլ ոչ թե մի բան, որ պարտադիր է ամենքին և որն իշխանություն ունի ամեն մեկի վրա: Եկեղեցին միավորում է տվյալ կրոնի, դավանանքի հետևորդներին և բնականաբար պետք է ձգտի առաջնորդվել այն սկզբունքներով, որոնք քաղաքակիրթ աշխարհը նախատեսել է բոլոր տեսակի կազմակերպությունների համար: Դա նշանակում է, որ եկեղեցու ներսում հանրային կարծիքը, մարդու իրավունքը, որոշումներ կայացնելու նրա մասնակցության իրավունքը պետք է հարգվի, առաջանա ներեկեղեցական բանական դիսկուսիա, արդիականացման ընթացք, եկեղեցական ղեկավար կառույցների լեգիտիմության վերահաստատում: Եվ մենք իսկապես տեսնում ենք, թե ինչպես մարդիկ, հավատացյալները ձգտում են կառավարման առկա եղանակը փոխել, և այժմ դնում են այդ համակարգը փոխելու հարցը: Սա հարցի մեկ կողմն է, երկրորդը՝ դա եկեղեցու, հասարակության և պետության գործառույթների տարանջատումն է: Պատմամշակութային ժառանգությունը, տվյալ դեպքում Սանահինի վանքը, պատկանում են ոչ թե եկեղեցուն, այլ հասարակությանը, մարդկությանը, յուրաքանչյուրիս: Եվ եթե եկեղեցին ստանձնել է դրանից օգտվելու և կառավարելու պարտականություն, ապա պետք է կարողանա պահպանել պատմամշակութային ժառանգությունը, ապահովել նրա հասանելիությունը և այլն: Եթե չի կարողանում, հոգ չէ, դա պարտավոր է պետությունը անել:

-Մյուս կողմից էլ հասարակությունն Առաքելական եկեղեցու, նրա սպասավորների թույլ տված շռայլությունները`Բենթլի, Տոյոտա և այլն, չի կարողանում ընդունել:
-Եկեղեցին գտնվում է հարկային դաշտից դուրս, ունի ֆինանսավորման ու կառավարման ոչ թափանցիկ համակարգ, ակնհայտորեն իրականացնում է մոնոպոլիստական քաղաքականություն, ճչացող անարդյունավետությամբ է կատարում իր՝ սպիրիտուալ կյանք արտադրելու հիմնական գործառույթը: Այսինքն` տիպիկ օլիգարխ է: Հասարակությունը այժմ կարողացել է պարզապես տարբերակել, տեսնել դա, և հաջորդ քայլը, բնականաբար, լինելու է եկեղեցու հարցի քաղաքականացումը, այսինքն՝ մեկուսացած և լճացած եկեղեցու վերադարձը հասարակական կայացման, ճշմարտության որոնման, մարդկության կյանքի լայն ընթացքին: Եվ երբ օլիգարխը վերածվի բիզնեսմենի, ինքը կարող է նաև Բենթլի քշել, երբ դու համոզված ես, որ քո գրպանից չի վերցնում, որ նա բոլոր հարկերը մուծում է, ապահովագրությունն անում է, աշխատավարձը տալիս է, արհմիությունները գործում են, մրցակիցները անօրեն ձևով չեն ճնշվում և այլն: Եթե այդ պարտադիր պահանջները կատարելուց հետո նրա արտադրանքմ այնքան մրցունակ է, որ կարող է Բենթլի ունենա, և նրա մրցունակությունը, իր և իր հետ սոցիալական կապի մեջ մտնողների տեսակետից, դրանից չի տուժում՝ թող քշի:

Օլիգարխը կարգավիճակ է, և եկեղեցին այսօր օլիգարխ է, այսինքն`գտնվում է արդիական հասարակարգում գործող նորմերից և օրենքներից դուրս: Այս հարցը աշխարհում լուծվել է շատ վաղուց, բայց քանի որ Սովետական Միությունում հարցը լուծվել է մի քիչ չափազանց կտրուկ, ապա այս տարիներին ռեակցիա էր, եկեղեցուն ազատեցին որևէ պարտականություններից, դրանով, սակայն, հասարակությունից դուրս դնելով: Հասարակության յուրաքանչյուր անդամ կրում է որոշակի պարտականություններ: Սա է սահմանադրական կարգի էությունը: Ես չեմ ասում` լավն է, թե վատը կաթողիկոսը: Ինձ թվում է` լավագույն կաթողիկոսը, եթե բերված լիներ այս պայմանների մեջ, կարող էր ընդամենը քողարկեր իր օլիգարխ լինելը, բայց ոչ ավելին:

-Հասարակության այս տեսակ ճնշումները որքանո՞վ կկարողանան արդյունավետորեն ազդել, երբ մի կողմից էլ եկեղեցու սպասավորները դատապարտում են, որ հասարակությունը չափն անցավ: Որքանո՞վ է առհասարակ այսօր սոցիալական ցանցն արտահայտում հասարակության պահանջները:
-Սոցիալական ցանցն արդեն ի վիճակի է արտաբերել /գուցե դեռ ոչ հստակ և մաքուր ձևով/ սահմանադրական հասարակությանը հատուկ որոշ նորմեր: Այսինքն` այդ նորմերը սկսում են մտնել գիտակցության մեջ, մարդու աչքը կարողանում է տարբերակել երևույթները: Այդ խոսակացությունները պարզ և հստակ չեն, բայց հասարակությունը վարժվում է առանձնացնել խնդիրները, ոչ թե ասել`Հայաստանը լավը չի, կյանքը կյանք չի, այլ առաջարկի կամ պահանջի լուծումներ և սկսի պատկերացնել այն Հայաստանը, որտեղ հնարավոր է հարցեր լուծել և այն մեխանիզմը, սահմանադրական հասարակությունը, որով հարցերը լուծելու ենթակա են: Սա երկակի ընթացք է՝ ունենալ մեխանիզմ, որով կարելի է հարցեր լուծել և ունենալ այն հասարակական հետաքրքրությունը, կոմունիկացիան, խմբավորման հնարավորությունը, որը թույլ կտա օգտվել այդ մեխանիզմից: Եթե կա մեխանիզմը, չկա օգտվողը, գործը չի արվում, եթե կա օգտվողը, չկա մեխանիզմը, գործը չի արվում: Մեզ մոտ չկա մեխանիզմը, բայց մեխանիզմի մասին գիտակցությունը սկսում է առաջանալ, մարդիկ սկսում եմ մոտավորապես պատկերացնել` ինչպես կլուծվեին այդ հարցերը: Այսինքն` ոչ թե կաթողիկոս փոխելով, այլ կաթողիկոսին սահմանադրական դաշտ բերելով, ոչ թե բարի կամ չար թագավոր, այլ սահմանադրական կարգի առկայություն:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

No comments: