Saturday, July 30, 2011

Սեֆիլյանն այլևս չի դիմի նախագահին

Tert.am. 29-7-2011- Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը այսօր հանդիպեց Հայազն երիտասարդների միաբանության անդամների հետ։
Պատասխանելով երիտասարդներից մեկի այն հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ Հայաստանի նախագահները մերժել են իր՝ քաղաքացիություն ստանալու պահանջը, Սեֆիլյանն ասաց. «Կարծում եմ՝ անձնական վրեժն էլ կար, քաղաքական խնդիրներ լուծելու հարցն էլ կար, երկու պատճառն էլ կար»։
Ժիրայր Սեֆիլյանն ընդգծեց, որ ինքը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար երկու անգամ դիմել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման, մեկ անգամ էլ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, և երեք դեպքերում էլ մերժում է ստացել։ «Կարծում եմ, մերժումների պատճառներից մեկն այն է, որ համապատասխան պաշտոնը զբաղեցնող մարդն իրավունք չունի որևէ հարց անձնավորելու։ Եթե այս գիտակցությունը չի լինում պաշտոնյայի մոտ, պարզ է, որ մեր երկիրը պետք է լիներ այս ընթացքի մեջ»,– հայտարարեց Սեֆիլյանը։
Ինչպես հայտնի է, Հայազն երիտասարդների միաբանությունը Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու հարցով նախագահի դիմելու համար ստորագրահավաք էր նախաձեռնել, որի արդյունքները՝ շուրջ 13 հազար ստորագրություն, հուլիսի 10–ին՝ Սեֆիլյանի ծննդյան օրը, նրանք երթով տարել էին նախագահի նստավայր։ Միաբանության անդամ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ այդ օրն իրենց մերժել են ընդունել՝ նշելով, թե աշխատանքային օրն ավարտվել է, իսկ հաջորդ օրն ընդունել են երիտասարդների նամակը։ Տասն օր հետո դրան պատասխան է ստացվել, որում նշվել է, թե այդ հարցով պետք է դիմել ոստիկանության համապատասխան բաժնին։
Երիտասարդներից մեկի դիտարկմանը, թե կարծես Սերժ Սարգսյանի գրասենյակից ստացված պատասխանն ավելի դրական էր, Սեֆիլյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանն ինչ-որ չափով բնավորության հատկություններով տարբերվում է Ռոբերտից։ Քանի որ նա կրկին անգամ միտում ունի նախագահի աթոռը զավթելու, որոշել է բարի ձյաձյա երևալու ժողովրդի առաջ»։
Նախկին հրամանատարի խոսքով՝ ինքն այլևս չի պատրաստվում քաղաքացիություն ստանալու հարցով դիմել նախագահներին։ Նա դիմեց գործող նախագահին՝ նշելով, որ, ըստ օրենքի, նախագահն իրավունք ունի իր մերժման որոշումը վերանայելու։ Իսկ եթե նոր որոշման համար փաստաթղթեր պետք լինեն, Սեֆիլյանը խորհուրդ տվեց վերցնել նախորդ երեք անգամները իր ներկայացրած փաստաթղթերի փաթեթները, որոնցում կան նաև «անհեթեթ» փաստաթղթեր։ «Նոր պիտի իմանան, որ ես հայ եմ, այն դեպքում, երբ հարյուրավոր զինակոչիկների զինակոչել եմ, իրենց զինգրքույկների մեջ ես եմ իրենց զորացրումը ստորագրել...»,– նշեց նախկին հրամանատարը։
«Ինձնից ուզեցին վերջին տասը տարում Լիբանանում չդատվածության փաստաթուղթ այն դեպքում, երբ ես ասացի, որ վերջին 12 տարին չեմ բացակայել Հայաստանից։ Ստիպված զանգեցի բարեկամներիս, ուղարկեցին այդ կեղծ թուղթը, որ ես, վերջին 12 տարին չբնակվելով Լիբանանում, չեմ դատվել։ Ահա այսպիսի անհեթեթ փաստաթղթեր էլ են ուզել...»,– պատմեց Սեֆիլյանը։
Իր քաղաքացիության հարցով ստորագրահավաք նախաձեռնելու համար նախկին հրամանատարը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին՝ նշելով. «Ես չէի գա այսպիսի հանդիպման, եթե այս հարցը միայն իմ անձի հետ կապված լիներ։ Այս հարցը արդեն երկար ժամանակ է, որ անձնավորված շրջանակից դուրս է գտնվում, որովհետև իմ համար հաճելի չէ իմ մասին գեղեցիկ խոսքեր լսել, այդպիսի մարդ չեմ»։
Միաբանության անդամ Արմեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ առաջիկայում Սեֆիլյանին քաղաքացիություն տալու իրենց պահանջը կբավարարվի, քանի որ, վերջինս վստահ է, որ նախագահը չի արհամարհի այդքան երիտասարդների «պոռթկումը»։ Հակառակ դեպքում, Մկրտչյանի խոսքով, իրենք ունեն ևս մի քանի «պահեստային քայլեր», որոնց մասին երիտասարդը չցանկացավ մանրամասնել։

No comments: