Saturday, July 30, 2011

Ղարաբաղյան բանակցությունները բավական դժվարին փուլ են մտել. Թոմաս դե Վաալ

Tert.am. 29-7-2011- Քաղաքական վերլուծաբան, «Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալի խոսքով՝ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները ներկայումս բավական դժվարին փուլ են մտել: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
Վերջին` Կազանում կայացած հանդիպման ժամանակ, մասնավորապես, պաշտոնական Բաքուն մոտ մեկ տասնյակ փոփոխություն է ներկայացրել Կրեմլի մշակած փաստաթղթում և դրանով իսկ ձախողել հանդիպումը, որից մեծ ակնկալիքներ ունեին ոչ միայն Ռուսաստանի նախագահը, այլև միջնորդ մյուս երկրների ղեկավարները:
Վերլուծելով նրանց կամքին դեմ գնալու և համաձայնության չգալու` Ադրբեջանի շարժառիթները, հայտնի վերլուծաբանը դրանք բաժանում է երեք խմբի:
Առաջին, ըստ դե Վաալի, պաշտոնական Բաքուն առարկություններ ունի Լաչինի միջանցքի շուրջ. Ադրբեջանի դիվանագիտական աղբյուրները, մասնավորապես, փորձագետին փոխանցել են, թե Կրեմլի պատրաստած` հիմնարար սկզբունքների վերջին տարբերակում Լաչինի կարգավիճակը հստակեցված չի եղել:

Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսել է, որ Լաչին քաղաքը պետք է ինչ-որ` դեռևս ոչ հստակ կարգավիճակ ունենա, որը կճանաչի թե՛ հայկական կողմի մտահոգությունները` անվտանգության շուրջ, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սակայն Բաքուն առարկում է, թե այդ միջանցքի սահմանները հստակ չեն նշվում, մյուս կողմից` չի հստակեցվում, թե ինչ կարգավիճակ են ունենալու Լաչինի շրջանում ընդգրկված և որպես միջանցք չծառայող 39 գյուղերը, և արդյոք այնտեղից բռնի տեղահանված ադրբեջանցիներին վերադառնալու իրավունք է տրվելու:
«Պաշտոնական Բաքուն նաև առարկում է գաղափարին, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ ստանալու դեպքում հնարավորություն է ունենալու անդամակցել միջազգային կազմակերպություններին», - գրում է փորձագետը` միաժամանակ ընդգծելով. - «Անհասկանալի է, սակայն, թե ինչու է Ադրբեջանի ղեկավարությունը այս հարցերը բարձրացրել ոչ թե նախօրոք, այլ` հանդիպման ժամանակ, որից Արևմուտքն արդեն լուրջ առաջընթաց էր ակնկալում»:
Դրա հնարավոր պատճառներից մեկը, ըստ Թոմ դե Վաալի, Ադրբեջանի ունեցած երկրորդ մտահոգությունն է:
Փորձագետի համոզմամբ, մասնավորապես, Բաքուն Ռուսաստանին համարում է հայամետ, բացի այդ, թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որի արմատներում հայկական արյուն է հոսում:

Մյուս կողմից, փորձագետի խոսքով, Ադրբեջանում դեռևս վստահ չեն` ով է ստանձնելու Ռուսաստանի կառավարման ղեկը հաջորդ` 2012 թվականի նախագահական ընտրություններից հետո, և մտավախություն ունեն, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունը Պուտինի առաջադրման դեպքում կարող է ձախողվել:
Երրորդ պատճառը, որը, ըստ փորձագետի, ստիպում է Ադրբեջանին ետ կանգնել շուտափույթ համաձայնությունից, տեսակետն է, թե ժամանակը այժմ աշխատում է հենց իրենց օգտին:
Բաքվում, մասնավորապես, վստահ են, որ տարածաշրջանում շարունակվող սպառազինությունների մրցավազքը ի վերջո սնանկացնելու է Հայաստանին, և մի քանի տարի անց արդեն հայկական կողմը շատ ավելի թույլ է լինելու ու գնալու է փոխզիջման` Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ:
Խնդրի կարգավորմանը հետևող ցանկացած փորձագետի համար, սակայն, այս համոզմունքը քննության չի դիմանում, գրում է Թոմ դե Վաալը` մանրամասնելով. - «Հայերն էլ, իրենց հերթին, հակադարձում են, թե Հայաստանը այժմ ավելի ուժեղ պետություն է, քան 20 տարի առաջ, կարող է մշտապես լուրջ օգնություն ակնկալել սփյուռքից, բացի այդ` անցնող տարիները է'լ ավելի են ամրապնդում Լեռնային Ղարաբաղի` դեռևս չճանաչված պետականությունը, որտեղ մինչև 30 տարեկանների մեծ մասը երբևէ ադրբեջանցու չի հանդիպել»։

No comments: