Thursday, July 28, 2011

Առաքինի պապն ու անառակ որդին

«Լրագիր» 28-7-2011- Հայաստանի քաղաքական դաշտն անկախության քսան տարիների ընթացքում ոչնչացվել է հետեւողականորեն: Ավելի շուտ, ոչ թե քաղաքական դաշտն է ոչնչացվել, այլ դրա հնարավոր նախադրյալները: Իսկ ոչնչացման գործընթացի կնիքներ հանդիսացել են 1995 թվականից սկսած բոլոր համապետական ընտրությունները` խորհրդարանի եւ նախագահի: Ընդ որում, չափանիշը կամ չափորոշիչը միայն ընտրությունների արդյունքի լեգիտիմ լինել-չլինելը չէ: Ի վերջո լեգիտիմ կարող է լինել նաեւ քաղաքական տրամաբանությունից զուրկ ընտրական գործընթացը:
Ինչպես են ոչնչացվել քաղաքական համակարգի նախադրյալները: Նախ իհարկե ընտրակեղծիքներով, երբ քաղաքական մրցակցությունը դարձել է փաստացի անիմաստ, քանի որ իշխանությունն է որոշել ընտրության արդյունքը, ոչ թե հասարակության քվեն: Բացի այդ, քաղաքական համակարգի նախադրյալները ոչնչացվել են քաղաքական կյանք ապաքաղաքական տարրերի ներմուծմամբ, ինչպես նաեւ քաղաքական մրցակից կամ հակառակորդ կուսակցություններին տարբեր շարժառիթներով կամ առիթներով հետապնդելու պրակտիկայով: Այդ հետապնդումներն առանձին-առանձին ունեն իրենց պատճառներն ու նրբերանգները, սակայն երեւույթն ինքնին ընդհանրական է` Հայաստանում իշխող ուժը միշտ օգտագործել է իր լծակները առիթի կամ հնարավորության դեպքում հակառակորդ ուժին մինչեւ վերջ ոչնչացնելու համար:

Հայաստանի իշխանությունները կամ առաջնորդվել են սեփական անսխալականության գիտակցումով, համոզված լինելով, որ իրենք հայրենիքի պաշտպանն են, իսկ մրցակից կամ հակառակորդ ուժերը “թշանում ջրաղացպան”, կամ էլ պարզապես իշխանությունը դարձրած լինելով իրենց եւ իրենց մերձավոր շրջապատի անձնական բարեկեցության գործիք եւ սերտաճած լինելով բիզնեսի հետ, հասել են կոռումպացվածության եւ պետական հանցավորության այն մակարդակին, որից այն կողմ գործում է “մահ կամ իշխանություն” տրամաբանությունը:

Երկու դեպքում էլ իրավիճակը հանգեցնում է քաղաքական համակարգի կայացման բոլոր հնարավոր տարբերակների կազմաքանդման, որովհետեւ եթե անգամ անկեղծ ու անմնացորդ հայրենասիրությամբ համոզված ես, որ դու պետություն փրկող կամ պահող ես, իսկ դիմացինդ գալու է ու այն քանդի կամ վաճառի օտարներին, միեւնույն է, դա իրավունք չի տալիս սպանել քաղաքական մրցակցությունն ու բոլոր հնարավոր ապաքաղաքական եւ արտաքաղաքական միջոցներով չեզոքացնել ընտրությամբ իշխանություն փոխելու մեխանիզմը:

Այդ ամենի հետեւանքով, 1995 թվականից ի վեր, Հայաստանում միակ քաղաքական պրոցեսը մարգինալացման պրոցեսն է: Այսինքն, միակ շոշափելի, կոնկրետ արդյունքը ցանկացած պրոցեսի արդյունքում լինում է այն, որ քաղաքական դաշտի մի հերթական հատված մարգինալանում է: 1995-96-ի փուլում դրա շարժիչը իշխանության ձեւավորած Հանրապետություն բլոկն էր, որի մեջ էին տրամագծորեն ծայրահեղ քաղաքական դիրքորոշում ունեցող ուժեր, 1998-99-ի փուլում մարգինալացման շարժիչը Միասնություն դաշինքն էր:

Բայց, ժամանակի ընթացքում, սկսած հոկտեմբերի 27-ի ահաբեկությունից, եւ շարունակվելով դրան հաջորդած զարգացումներով, իշխանության համար պարզ դարձավ, որ միաբեւեռ մարգինալացումը ոչ այդքան արդյունք է տալիս, որքան սրում է ներհասարակական մթնոլորտը, առաջացնում է սուր հակազդեցություն հակառակ կողմում եւ իրավիճակը դարձնում է խիստ պայթյունավտանգ: Այդ իսկ պատճառով, 2003 թվականի փուլից սկսած որդեգրվեց այսպես ասած երկբեւեռ մարգինալացման տարբերակը` իշխանության եւ ընդդիմության զուգահեռ գործընթացով:

2003-ի փուլից մարգինալիզացիան իրականացվում էր արդեն մի կողմից նոր ձեւավորված իշխանական կոալիցիայի, մյուս կողմից Արդարություն դաշինք-ի միջոցով: Դրա արդյունքը թերեւս իսկապես տպավորիչ էր եւ արտահայտվեց 2007 թվականի խորհրդարանի ընտրության գործընթացի գրեթե լիակատար ամայությամբ, երբ Սերժ Սարգսյանը առանց գրեթե որեւէ լուրջ խնդրի բացարձակ հաղթանակ ապահովեց ՀՀԿ համար:

Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձը փոխեց իրավիճակը, բայց, ներկայում այն կարծես թե վերադառնում է ի շրջանս յուր: Ներքաղաքական երկխոսություն ասվածի առայժմ միակ տեսանելի եւ շոշափելի էֆֆեկտը մարգինալացման հերթական փուլն է, երբ լուսանցքի առաջ, իսկ գուցե արդեն դրանից այն կողմ են հայտնվել մնացյալ քաղաքական միավորները:

Այստեղ անշուշտ կա նաեւ նրանց պատասխանատվության, եւ գուցե մեղքի բաժինը, քանի որ մեղավորը ոչ միայն մարգինալացնողն է, այլ նաեւ մարգինալացվողը: Բայց պատասխանատվությունը հստակ եւ կոնկրետ հասկացություն է, եւ թերեւս սիրում է “սուբորդինացիա”: Տվյալ պարագայում “սուբորդինացիան” հուշում է, որ քաղաքական համակարգի կայացման համար պատասխանատուն իշխանությունն է, այն պարզ պատճառով, որ իշխանությունն է Սահմանադրության երաշխավորը: Հայաստանը 1995 թվականից ունի Սահմանադրություն, եւ դրանում ամրագրված են նորմեր, որոնք կարգավորում են նաեւ ներքաղաքական կյանքը եւ իրենց մեջ կրում են քաղաքական որոշակի համակարգի ձեւավորման ելակետային դրույթներ:

1995 թվականից սկսած իշխանությունները պարբերաբար խախտում են այդ նորմերը եւ քաղաքական համակարգ կոչվածի ձեւավորման ելակետ համարում միայն անձնական կամ խմբակային քմահաճույքը, անձնական կամ խմբակային պատկերացումները, անձնական կամ խմբակային բարեկեցությունը, անձնական կամ խմբակային անվտանգությունը: Ընդհանուր առմամբ, խոսքը թերեւս անձնական եւ խմբակային, իսկ գուցե նաեւ համազգային բարդույթի մասին է:

Ըստ ամենայնի, Հայաստանում քաղաքական համակարգի կայացման գլխավոր խոչընդոտներից մեկը հայկական մտածողությունն է, հայկական արժեքային համակարգը, որի “սուբորդինացիոն” սանդղակը կառուցվում է այսպես ասած ընտանեա-գերդաստանային սկզբունքների վրա, որտեղ օջախի, գերդաստանի մեծն է որոշողը` հիմնականում պապը, իսկ նրա պասիվության կամ չլինելու պարագայում էլ հայրը: Չենթարկվող որդիներն էլ հռչակվում են անառակ: Այդ արժեքային համակարգը, որ նստած է կամ գիտակցության վրա, կամ ենթագիտակցության մեջ, Հայաստանում թույլ չի տալիս քաղաքական համակարգ կառուցել թե պետության, թե անգամ առանձին կուսակցությունների ներկուսակցական կյանքի առումով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: