Monday, July 4, 2011

Հայկական ուրախ Սահմանադրությունը

«Լրագիր» 4-7-2011- Վաղը Հայաստանում նշվելու է Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին, հանրաքվեով: 2005-ին Սահմանադրության մեջ կատարվեցին փոփոխություններ, կրկին հանրաքվեով:
Հայաստանի Սահմանադրությունն առանձնահատուկ է, ինչպես հայկական ամեն ինչը` քրիստոնեությունը, մշակույթը, լավաշն ու բաստուրման: Այն չի գործել ընդունման պահից:
Ավելին, Սահմանադրությունն այս 16 տարիներին ոչ միայն չի գործել, այլեւ իշխող ռեժիմների ձեռքին ծառայեցվել է սեփական խմբակային շահերին, ընդդեմ հասարակության, նրա իրավունքների: Այն օգտագործվել է հասարակության նախաձեռնությունները, ընտրական իրավունքը, ազատությունները սահմանափակելու համար: Այս գործում էլ, իր հերթին, “աչքի է ընկել” Սահմանադրության ընդունումից հետո ստեղծված Սահմանադրական դատարանը:

Շատերն են ասում, բնականաբար դեմքի խոհուն արտահայտությամբ, թե սահմանադրական մշակույթի ձեւավորման համար տարիներ, տասնամյակներ են պետք: Գուցե: Սակայն, որպեսզի տասնամյակների ընթացքում այդ մշակույթը ձեւավորվի, անհրաժեշտ է դա երբեւէ սկսել: Անցել է 16 տարի, սակայն ամեն ինչ արվել է հակառակ ուղղությամբ` որպեսզի այդ մշակույթը չձեւավորվի, փոխարենը պահպանվի արմատանա պատկերացումներով ապրելու արատավոր ավանդույթը:

Սահմանադրությունը հենց նրա համար է, որպեսզի փոխարինի պատկերացումներին, որոնց հետեւանքն են բռնատիրությունը, քրեականացված օլիգարխիկ համակարգը, եւ նման այլ համակարգերը, որոնք հիմնված են մի քանի “ընտրյալների”` կյանքի վերաբերյալ ունեցած սեփական պատկերացումների ու դրանք հասարակությանը պարտադրելու վրա:

No comments: