Thursday, August 25, 2011

Հայ ենք, ի՞նչ արած. Թուրքիայում ապրիլի 24-ին սպանված հայազգի զինվորի ծնողներ

HayNews.am. 25-8-2011- Թուրքական «Ռադիքալ» պարբերականի թղթակիցն այցելել է այս տարվա ապրիլի 24-ին թուրքական բանակում զինվորական ծառայությունը կրելիս սպանված հայազգի Սևակ Բալըքչըի տուն, որտեղ զրուցել է նրա ծնողների հետ:
Սևակը սպանվել էր զորացրումից 23 օր առաջ, ապրիլի 24-ին, ըստ պաշտոնական վարկածի, «ծառայակցի կողմից պատահականորեն արձակված կրակից»: Այնուամենայնիվ, շատերն են Թուրքիայում խոսում, որ Սևակի սպանության օրը պատահական չէ և չի բացառվում հայազգի երիտասարդի կանխամտածված սպանությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Սևակն ուսանում էր գեղեցիկ արվեստներ, իսկ ծառայության ավարտից հետո պատրաստվում էր ամուսնանալ իր նշանածի հետ: Վերջինս ծառայությունը կրում էր Արևմտյան Հայաստանում տեղակայված թուրքական զորամասերից մեկում:
«Սևագ նշանակում է սևաչյա: Սևագս 1 կգ 250 գրամ էր ծնվել: Միայն աչքերն էին երևում: Շատ դժվար եմ մեծացրել»,-պատմում է որդեկորույս մայրը` Անին:
Հայրը` Կարապետը, ցույց է տալիս որդու սենյակը, որը վերածվել է փոքրիկ թանգարանի` ի հիշատակ Սևակի:
Սենյակում Սևակի նկարներն են, լուսանկարների ալբոմները, գրքերը, նրա սիրելի իրերը…
Բալըչքչըների ընտանիքը Ստամբուլ է տեղափոխվել Քոնյայից: Նրանց ընտանիքը նոր բույն է հյուսել Մարմարա ծովում գտնվող Քընալըադա կղզում, որտեղի բնակարան էլ երբեք չի վերադառնա ժպտադեմ Սևակը:
Հայրը շարունակում է. «Մեզ տարան որդուս սպանության վայրը: Մեզ հետ էր նաև Քըվանչ Աղաղօղլուն (Սևակի մարդասպանը-խմբ.): Նրանց հարցրեցի. «Ինչպե՞ս եղավ, որդիս».. Պատասխանեց. «Ինքնաձիգս պատահաբար կրակ արձակեց» ու լռեց…»:
«Ռադիքալի» թղթակիցը հիշեցնում է, որ Սևակին Թուրքիայի Գլխավոր շտաբը չճանաչեց «շեհիթ» (զոհված մարտիկ), ինչպես դա արվում է նմանատիպ դեպքերում և ակնարկում, որ միգուցե դա կապված է նրանց հայկական ծագման հետ: Ծնողները պատասխանում են. «Նման դեպքերում «շեհիթ» չեն լինում: Մեր զավակն այլ պայմաններում է մահացել»:
«Որդուս մահվանից հետո զանգում էր Քըվանչի մայրը, արտասվում: Մենք ազգայնական կամ կրոնամոլ չենք: Բայց դե հայ ենք, ի՞նչ արած: Որդուս մեծացրել եմ` նրա մեջ սերմանելով եղբայրության և բարեկամության գաղափարները»,-նշում է Անին:
Հուլիսի 29-ին Սևակի սպանության գործող առաջին դատական նիստն էր Դիարբեքիրի դատարանում: Այն տևեց 13 ժամ: Ի հայտ եկանք մի շարք ապացույցներ, որոնք վկայում էին, որ սպանությունը եղել է կանխամտածված ու ազգային հողի վրա: Մասնավորապես, Սևակի ծառայակիցներից մեկը դատարանում նշել էր, որ Քըվանչը Սևակին ասել էր. «Քեզ սպանելու եմ, թմբլիկս»:
Սևակի դատվարության հարցում Անին ու Կարապետն ամեն ինչ թողնում են արդարադատությանը` հույս ունենալով, որ «արդարացի դատ կլինի», ինչը, անկեղծ ասած, բացառվում է` հիշելով Ստամբուլում սպանված հայազգի լրագրող, հասարակական գործիչ Հրանտ Դինքի տարիներ ձգվող դատավարությունն ու դրա ցինիկ ընթացքը:

No comments: