Friday, August 26, 2011

Նախագահականից հիշեցնում են` պատմաբանների հանձնաժողովի հարցը Հայաստանը երբեք չի ընդունել

Panorama.am. 25-8-2011- 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում պատմաբանների կողմից Հայոց ցեղասպանության թեմայի քննարկում չի նախատեսվել: Այս մասին մամուլի հրապարակումներից մեկին իր արձագանքում հիշեցրել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը:
Խոսքը վերաբերում է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հեղինակած «Ինչու հիշեցին Քոչարյանի տարբերակը» հոդվածին: Հեղինակը մասնավորապես անդրադարձել է Wikileaks կայքում ԱՄՆ դիվանագիտական գաղտնի գրագրության հերթական չափաբաժնի հրապարակմանն ու ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ դրանց թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև նամակագրությանը վերաբերող հաղորդագրություն, որտեղից հեղինակը մեջբերել է. «Թուրքիան առաջարկել էր հայերի ցեղասպանության հարցը քննարկել պատմաբանների հանձնաժողովով, իսկ Քոչարյանը պատասխան նամակում մերժում էր այդ առաջարկը: Փոխարենը հայկական կողմը առաջարկում էր ցանկացած հարց քննարկել միջկառավարական մակարդակով: «…Մմիջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած և բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջև՝ նպատակ ունենալով լուծել դրանք և փոխըմբռնման հասնել»,- Էրդողանին գրել է Ռոբերտ Քոչարյանը»:
Այնուհետև հեղինակը դիտարկում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետ կապված զարգացումները և նշում. «Բանն այն է, որ այդ արձանագրությունների մեջ նշվում է պատմաբանների ենթահանձնաժողովի մասին: Այսինքն, այն, ինչ մերժել էր Ռոբերտ Քոչարյանը, ընդունել էր Սերժ Սարգսյանը»:
Այս եզրահանգման առթիվ նախագահի մամլո խոսնակը, դիմելով հեղինակին, նշել է. «Հայտնում եմ Ձեզ, որ սա բացահայտ ապատեղեկատվություն է: Անգամ չանդրադառնալով այն հարյուրավոր հայտարարություններին ու պարզաբանումներին, որ բազմիցս այս հարցի շուրջ տրվել է` Ձեր կողմից տարածված եզրահանգումների` իրականության հետ կապ չունենալու մասին կարող եք համոզվել նույնիսկ Ձեր իսկ կողմից վերլուծության ենթարկված տեղեկատվության աղբյուրի մեկ այլ հրապարակումից, որտեղ ասվում է. «Սարգսյանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա համատեղ հայտարարությանը…. (նշելով) … 2. Ցեղասպանությանն առնչվող պատմական հարցերը չե´ն քննարկվելու պատմաբանների կողմից, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի շրջանակում»: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս տողերին. ո´չ միայն չեն կարող քննարկվել պատմաբանների կողմից, ոչ էլ անգամ ամբողջական միջկառավարական հանձնաժողովի կողմից, այլ ավելի ցածր, միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի շրջանակներում: Մի բան, ինչի մասին Նախագահ Սարգսյանը մեկ անգամ չէ հայտարարել»:
Վերջում Արմեն Ազումանյանը հույս է հայտնել, որ հեղինակը կհերքի տարածված ապատեղեկատվությունը և խնդրել է ուղղել հոդվածում առկա սխալը:
Հավելենք, որ նախագահի մամլո քարտուղարի մեջբերումը ևս օրերս Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերից մեկից է: Մասնավորապես, 2009-ի սեպտեմբերի 12-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչ` Վաշինգտոն ուղարկած հաղորդագրությունից, որտեղ դեսպանը հաշետվություն է ներկայացրել ՀՀ դիվանաագիտական կորպուսի հետ ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի վերաբերյալ:


No comments: