Friday, August 26, 2011

Իսպանացիների ու իռլանդացիների նախնիները Արևմտյան Հայաստանից են. հետազոտություն

Tert.am. 25-8-2011- Բրիտանիայում վերջերս անցկացված հետազոտությունը հերքում է այն վարկածը, որի համաձայն ժամանակակից եվրոպական տղամարդկանց մեծ մասը սերում է 5–10 հազար տարի առաջ Անատոլիայից գաղթած հողագործներից։ Նոր տվյալները հաստատում են այն պնդումները, որ ներկայիս եվրոպացի տղամարդկանց զգալի մասը սերում է որսորդ բնիկ եվրոպացիներից, որոնք ապրել են քարի դարում։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Proceedings of the Royal Society B» ամսագրում։
Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ ներկայիս եվրոպացիների նախնիները Եվրոպայում սկսել են ապրել մոտ 40 հազար տարի առաջ, իսկ 20 հազար տարի առաջ սկսվել է սառցե դարաշրջանը, ինչը ստիպել է նրանց գաղթել աշխարհամասի հարավ։ Կլիմայի տաքացումից հետո նրանք վերադարձել են բնակության նախկին շրջանները։
Դրանից մի քանի հազար տարի անց որսորդ եվրոպացիները յուրատեսակ մշակութային շոկ են ապրել, երբ նրանց մոտ Անատոլիայից գաղթել է հողագործ բնակչությունը, որոնց մոտ տարբեր է եղել ինչպես կենսակերպը, այնպես էլ տնտեսական հարաբերությունները։
Բրիտանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ անատոլիացի հողագործներին բնորոշ քրոմոսոմը պահպանվել է ժամանակակից եվրոպական մոտ 100 միլիոն տղամարդու մոտ, որոնք բնակվում են հիմնականում Իսպանիայում, Իռլանդիայում ու Ուելսում։
Պետք է նշել, որոշ գիտնականների նախկինում արված ուսումնասիրությունների համաձայն այդ նույն քրոմոսոմի տարածվածությունը աճում է դեպի աշխարհամասի արևելք շարժմանը զուգահեռ և գագաթնակետին է հասնում ներկայիս Թուրքիայում։ Այս վերջին հետազոտությամբ հաստատվում է այս վարկածը, քանի որ Եվրոպայի արևելքում ու Մերձավոր արևելքում բնակվող տղամարդկանց մոտ նշված քրոմոսոմի մեջ էական տարբերություններ չկան։ Ինչը հաստատում է նրանց ընդհանրությունը։
Հետազոտողները սակայն, շեշտում են, որ դեռ չեն կարող հստակ ասել, թե «երբ է այդ գենը սկսել քայլել Եվրոպայով»։ Դրա համար հավելյալ ուսումնասիրություններ են անհրաժեշտ։

No comments: