Friday, August 26, 2011

Wikileaks–ը գաղտնազերծել է Յովանովիչի հաղորդագրությունը Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ

Tert.am. 25-8-2011- Համաձայն Wikileaks-ի վերջին գաղտնազերծումների, 2009 թվականի սեպտեմբերի 12-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը գաղտնի հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտ, որտեղ ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀ դիվանագիտական կորպուսի հետ տարեկան հանդիպմանը:
«Սարգսյանը ավելի մանրամասն վստահեցրեց ԱԳՆ-ին և ավելի լայն լսարանին, որ իր կառավարությունը վարում է ԼՂ շուրջ բանակցությունները թափանցիկ և բաց ձևով: Ավելի պաշտպանողական կեցվածքով Սարգսյանը նշեց, որ իր կառավարությունը չի թերացել տեղեկացնելու հասարակությանը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ իրենց մտադրությունների մասին, և այդ սկզբունքների հրապարակումը ապացուցեց, որ ինքը երբեք չի փորձել մոլորեցնել հասարակությանը: Նա ընդունեց, որ Մադրիդյան սկզբունքները ունեն որոշակի թույլ կետեր, բայց նաև մատնանշեց, որ ԼՂ հարցի կենտրոնական խնդիրը հանդիսացող ինքնորոշման իրավունքի մասին սկզբունքը պահպանված է»,– ասված է նամակում։
Սերժ Սարգսյանը, ըստ Յովանովիչի, նաև նշել է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը «սուրբ հարց է», և նկարագրել է բանակցային գործընթացին խանգարել փորձող մարդկանց, որպես ոչ այլ ինչ, եթե ոչ «մանր սպեկուլյանտներ»:
Սարգսյանը քիչ հավանական է համարել կարճաժամկետ հեռանկարում ԼՂ հարցում վաղաժամ բեկումը, վստահեցնելով ներկաներին, որ ԼՂ խաղաղ գործընթացը երկար է և պահանջում է «ավելին, քան օրերի, շաբաթների և նույնիսկ ամիսների» աշխատանք այն լուծելու համար:
«Սերժ Սարգսյանն անդրադարձավ օգոստոսի 31-ի հայ-թուրքական համատեղ հայտարարությանը, որպես նախորդ տարի Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու իր որոշման և հարաբերությունների կարգավորմանն աջակցելու իր քաղաքականության հաջողության նշան: Նա նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի շահերը պաշտպանված են լինելու երեք կենսական ուղղություններով.
1. Թուրքիայի հետ բանակցույթւոնները և հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը չունեն որևէ նախապայմաններ ԼՂ հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ;
2. Ցեղասպանության վերաբերյալ պատմական հարցերը չեն քննարկվելու պատմաբանների կողմից, բայց դրա փոխարեն միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի մակարդակով;
3. Այս կարևոր համաձայնագրերի ստորագրմանը նախորդելու են առատ և համակողմանի հանրային քննարկումներ Հայաստանում»:

No comments: