Thursday, August 25, 2011

Անկարան շտապում է Բաքվի հետ գազային պայմանագիր կնքել

Tert.am. 25-8-2011- Թուրքիան ցանկանում է պայմանավորվածություն ձեռք բերել մինչև սեպտեմբերի վերջ ադրբեջանական Շահ-Դենիզ հանքահորից գազ առաքման ուղղությամբ։ Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը։
Խոսքը Շահ-Դենիզից Թուրքիա տարեկան 6 մլրդ խոր. մետր գազ մատակարարելու և Թուրքիայով Եվրոպա 10 մլրդ. խոր. մետր գազ առաքման մասին է։
«Ես խորհուրդ եմ տվել մեր ընկերներին շտապել։ Մենք ցանկանում էինք պայմանագիր ստորագրել դեռ ավելի վաղ։ Մենք՝ Թուրքիայի հանրապետությունը, հնարավոր ամեն բան արել ենք։ Այդ նախագիծն արագացնելու համար անհրաժեշտ է ստորագրել այս համաձայնությունը»։
Բացի այդ, Թուրքիան Ռուսաստանից պահանջում է իջեցնել գազի գները՝ դա համարելով կարևոր պայման Ուկրաինայի տարածքով անցնող տարեկան 6 մլրդ խոր. մետր հզորությամբ գազատարի շուրջ համաձայնության համար։ Համաձայնության ժամկետը լրացել է հունիսին, և Թուրքիան ու Ռուսաստանը որոշել են մինչև օգոստոսի վերջ պայմանավորվածություն ձեռք բերել գազատարի ապագայի շուրջ։
Յըլդըզը նշել է, որ Անկարան այդ գազատարի վերաբերյալ մի շարք պահանջներ ունի, բայց թե դրանց որ մասը կկատարվի, առայժմ պարզ չէ։

No comments: