Tuesday, August 16, 2011

Ամերիկահայերը Քլինթոնին նամակ են գրել. պահանջում են հերքում

Tert.am. 16-8-2011- Ամերիկայի հայ դատի հանձնախումբը երկուշաբթի նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղարությանը, որում Թուրքիայում ԱՄՆ–ի դեպան Ֆրենսիս Ռիկարդոնեին կոչ է արել ներողություն խնդրել իր այն կեղծ հիմնավորման համար, թե «մինչև 1915թ. Թուրքիայի տարածքում գործած քրիստոնեական եկեղեցիներից մեծ մասը շարունակում են գործել որպես եկեղեցիներ»։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված նամակում, մասնավորապես, նշվում է, որ դեսպանի այդ մեկնաբանությունը քրիստոնեական սրբավայրերի ոչնչացումը թաքցնելու փորձ է և ցույց է տալիս, որ «նրա համար ընդունելի է Հայոց ցեղասպանության ժխտման մասին Թուրքիայի կառավարության զազրելի պատմությունը»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսի գրավոր այն հարցին, թե «մինչև 1915թ. ներկայիս Թուրքիայի տարածքում գործած 2000–ից ավելի քրիստոնեական եկեղեցիներից քանի՞սն են այսօր գործում որպես եկեղեցիներ» դեսպանը պատասխանել էր. «Քրիստոնեկան եկեղեցիների մեծ մասը, որոնք գործում էին մինչև 1915թ., այսօր շարունակում են գործել որպես եկեղեցիներ։ Որոշ եկեղեցիներ որպես թանգարաններ են գործում, մնացածը խարխլվել են կամ մզկիթների վերածվել՝ չօգտագործվելու պատճառով»,–ասել էր դեսպանը։
Հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այժմյան Թուրքիայի տարածքում 1915թ գործած 2000–ից ավելի հայկակական եկեղեցիներից այսօր 50–ից էլ պակասն են գործում։
Քլինթոնին ուղղված նամակում Ամերիկայի հայ դատի հանձնախումբը պահանջում է՝ 1. Ռիկարդոնի և Պետքարտուղարության պաշտոնական հայտարարությունը, որը հետ կվերցնի դեսպանի խոսքերը 2. Ամբողջական և պաշտոնական ճշտում առ այն, որ ներկայիս Թուրքիայի տարածքում գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը ոչնչնացվել և պղծվել է Օսմանյան Թուրքիայի և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների կողմից, և որ պահպանված եկեղեցիները պետք է վերադարձվեն օրինական տերերին՝ հայերին, հույներին, ասորիներին և այլն 3. Դեսպան Ռիկարդոնեի ներողությունը:

No comments: